Print this page

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

By Ապրիլի 26, 2025 65
«FlyOne Արմենիա» և «Շիրակ ավիա» ավիաընկերությունները դեմ են արտահայտվել ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրին։ Այս մասին ավիաընկերությունները հաղորդագրություն են տարածել։
Նշենք, որ ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։
 
«Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված կառավարության ընդունած որոշման հետ։ Հարկ ենք համարում նշել, որ այն չի համաձայնեցվել գործող ավիափոխադրողների հետ և չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից։ Մեր խորին համոզմամբ՝ նման ծրագիրը, որի հայտարարված նպատակը զբոսաշրջության խթանումն է, ներկայիս ձևով կրում է մի շարք վտանգավոր կողմնակի հետևանքներ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Ընկերությունները վստահ են` կառավարության որոշումը կարող է լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները, ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ։ «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» նման եզրահանգման են եկել` հաշվի առնելով այն, որ ՀՀ ավիացիոն ոլորտը գտնվում է ԵՄ և մի շարք այլ երկրների (Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն), այսպես կոչված, «սև ցուցակում»։
Ընկերությունները մտահոգիչ են համարում նաև այն, որ ՀՀ կառավարության նիստի ընթացքում հնչել են տեղեկություններ, որոնք տպավորություն են ստեղծել, թե նախագիծը ընդունելի է ՀՀ-ում գործող տեղական ավիափոխադրողների համար։ Վստահեցրել են` այս ամենը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, պետական պատկան մարմիններին թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով, տեղեկացվել է այս որոշման նկատմամբ տեղական ավիափոխադրողների բացասական դիրքորոշման մասին, ինչը նախագծի հեղինակները հաշվի չեն առել։
Նրանք կոչ են արել, հաշվի առնելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը, սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ։
Rate this item
(0 votes)

Latest from Live24