Print this page

Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, ջրով լցված տարաներ․28 անձ ձերբակալվել է. ՔԿ

By Մայիսի 31, 2024 241

2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխվել է Ոստիկանության բաժին

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։

Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։

Կատարվում է նախաքննություն: Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Latest from Live24