Երևանում հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը, նոր մանրամասներ է հայտնում Եսայիի առողջական վիճակից․
«Առաջ ենք գնում։ Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա։
Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»,- գրել է ահակյանը։
«Հրապարակի» զրուցակիցը «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանն է:
- Վերջին շրջանում ՀՅԴ-ի դեմ ռեպրեսիաներ եղան, ոմանց կալանավորեցին, ինչ-որ ձայնագրություններ տարածեցին իշխանական կայքերը՝ փորձելով պառակտում մտցնել ընդդիմության ներսում: Ըստ Ձեզ` ի՞նչ է տեղի ունենում:
- Գուցե մի փոքր ինքնագովեստի նմանվի ասածս` որտեղից վտանգ են տեսնում, փորձում են հենց այդտեղ էլ վնաս հասցնել: Հիմնական պատճառը թերեւս սա է: Մերոնց պահվածքին, կեցվածքին նայեք՝ 4 տարվա ընթացքում մեզնից չեղավ մեկը, ով պայքարից կիսատ-պռատ դուրս գար, թողներ գնար` անձական խնդիրների եւ այլ բաների ետեւից: Մերոնց տեսակը դա է: Ուստի պարզ է, որ հենց մերոնց դեմ են պայքարում: Մենք եղել ենք այդպիսին, կանք ու շարունակելու ենք լինել: Քանի դեռ վտանգված է հայրենիքը, ոչ մի անձնական պատճառ չի կարող մեզ հետ պահել այն համընդհանուր մեծ խնդրից, որը վնասում է մեր հայրենիքը․ անձնական բիզնես, առողջություն, շահեր… մեզ համար ոչինչ հայրենիքից կարեւոր չէ: Գուցե ասածներս շատ վերամբարձ են հնչում, բայց սա Դաշնակցության տեսակետն է:
- Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը պասիվացավ, իշխանությունները չարախնդում են, որ հերթական անգամ հաղթեցին եւ շարունակելու են իրենց հակահայ քաղաքականությունը:
- Իշխանությունները սխալվում են՝ ասելով, թե մարել է շարժումը: Եթե մարած լիներ, նույն այդ իշխանություններն ինչո՞ւ են մեզ ենթարկում բռնաճնշումների: Նշանակում է` լավ էլ գիտակցում են, որ շարժումը չի մարել: Այս պայքարի յուրահատկությունն այն է, որ ժամանակի գործոնը պայքարից հեռացավ: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե Բագրատ սրբազանը ցանկանա լցնել փողոցները, փողոցները կլցվեն, պարզապես ամռան այս տապին, հասկանալի է, որ ակտիվությունը որոշ ժամանակով նահանջելու է: Առջեւում, անկասկած, Նիկոլ Փաշինյանը գնալու է նոր զիջումների: Սրբազան շարժման մեջ չկա ժամանակի գործոն: Այդ մարդիկ տուն են գնացել` հետ գալու հույսով, գուցե մի փոքր հատվածն իսկապես հիասթափվել է, բայց մեծ մասը վերադառնալու է, եւ պայքարը հաջողելու է: Իշխանությունն ավելի շատ վախենում է նրանից, որ պայքարը չունի ժամանակի գործոն, սրբազանը հենց նորից ցանկանա, հրապարակում տեղ չի լինելու: Ես դրանում կասկած չունեմ:
- Իսկ ինչո՞ւ չի ցանկանում:
- Որովհետեւ այս պահին հնարավոր չէ: +40 աստիճան տաքություն է դրսում: Մանավանդ հիմա առանձնապես քաղաքական գործընթացներ չկան, շուտով Ազգային ժողովն էլ արձակուրդ կգնա, մայրաքաղաքը կիսադատարկ է, ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքական ակտիվ գործընթացներ լինեն ամռանը: Մայիսին շարժումը մեկնարկեց հարկադրված՝ Տավուշի սահմանազատման հետ կապված, ես չգիտեմ, թե տասն օրից ինչ կարող է լինել: Գուցե նորից ոտքի կանգնելու անհրաժեշտություն առաջանա:
- Ընդդիմությանը մեղադրում են մանդատները վայր չդնելու համար: Դուք ի՞նչ կարծիքի եք սրա մասին:
- Նույնիսկ Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնեց, որ մանդատ վայր դնելով չի առաջանում սահմանադրական ճգնաժամ։ Ես չեմ բացառում, որ գալու է մի պահ, եւ այդ մանդատները վայր դնելու են, այն Ազգային ժողովը, որը վավերացնելու է այդ սահմանազատում ասվածը, չպետք է ունենա ընդդիմադիրներ, այո, այդ ժամանակ պետք է վայր դնեն մանդատները: Այսօր մանդատները վայր դնելով շահագրգռված են իշխանության արբանյակները, իմ կարծիքով` շատերն էլ կրկնում են արբանյակների խոսույթը՝ առանց խորամուխ լինելու: Նիկոլի երազանքն է, որ գա Ազգային ժողով եւ այնտեղ չտեսնի ընդդիմադիրներին կամ տեսնի իր կողմից սիրելի «ընդդիմադիրներին»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Երեկ ուղեղս վրաերթի էր ենթարկվել, որոշեցի որ միակ տուժողը ես չլինեմ. վայելեք»։
Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար:
Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա «Թելեգրամ»-ում։
Ադրբեջանի ոստիկանությունը Ստեփանակերտում հայտնաբերել է զենքի և զինամթերքի մի քանի պահեստարան։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ-ին։
«Հունիսի 15-ից 21-ը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 14 գնդացիր, 5 որսորդական հրացան, 12 նռնակ, 14 պայթուցիչ, պարկուճների 26 պահունակ, տարբեր տրամաչափի 400 փամփուշտ և այլ զինամթերք»,- նշված է տեքստում։
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը․ «Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:
Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:
Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:
Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:
Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:
Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:
Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:
Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:
Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:
Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում»
ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որևէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին, գրում է «Փաստինֆո»-ն։
Իշխանությունները դիմումի ձևանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում են բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։
Ավելին, դիմումով բնակիչը լիազորում է Տավուշի մարզպետի աշխատակազմին` դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իր գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դեռ մայիսի 20-ին կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե, Կիրանցի մի շարք բնակիչներին տրված սեփականաշնորհման վկայականները սխալ տվյալներով են, այսինքն, կեղծ են։
Մեջբերում ենք պաշտոնական փաստաթղթից. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։
Մինչդեռ, կեղծ վկայականների մասին իրավապահները տեղեկություններ չունեն, համենայն դեպս, աղբյուրի հարցմանն ի պատասխան դատախազությունը փաստել է, որ նման քրեական վարույթ չկա։
Հետևաբար՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող գույքը կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնումը հանցագործություն է ու իրավապահ մարմինները պետք է դրա համար քրեական վարույթ նախաձեռնեն։
Այս պարտադրվող դիմումներից պարզ է դառնում, թե ինչու են աստղաբաշխական գներով, ինչպես օրինակ, 1000 դոլար արժողությամբ վագոն -տնակի համար կառավարությունը 50 000 դոլար առաջարկում կիրանցցիներին։
Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավելի ուշ Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է բերվել իրենց մոտ, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:
Պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: Պարզվել է նաև, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Արդեն այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալը, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:
Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե նման միջոցներ ձեռնարկվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- ընդգծել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել էր վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Այս մասին ասել էր Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Անտոնովի խոսքով՝ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը կշարունակվի։ Բացի այդ, ռուս դիվանագետներին զրկել են նաև հարկային արտոնությունները։
«Ամերիկացիները մեզ ծանուցում են ուղարկել, որ վիզաների կենտրոնը փակվում է։ Եվ հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին»,- լրագրողներին ասել է Անտոնովը:
Նա նշել է, որ դիվանագետները կշարունակեն աշխատել և բոլոր ջանքերը կներդնեն տեղի ռուսներին իրավական և հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։
Դեսպանի խոսքով՝ հանվել է նաև դիվանագետների հարկերից ազատման քարտերը, որը նրանց տալիս էր արտոնություններ ցանկացած երկրում՝ թույլ տալով ապրել և հարկեր չվճարել։