«168 ժամ»-ը գրում է. «Պարզապես չեմ հավատում, որ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել: Եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է»,-ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանն, անդրադառնալով հարցին, թե ինչու է Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ անդրադարձերում բացակայում արցախյան թեմատիկան, այնինչ Բոլթոն-Ալիև զրույցում կա անդրադարձ հիմնահարցին: «Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից հետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- ասել է Ա. Ենոքյանը: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է՝ չբացառելով, որ հարցը բարձրացրել է ոչ թե Բոլթոնն, այլ ադրբեջանական կողմը՝ առիթից օգտվելով հայկական կողմից բողոքելու համար»,-գրում է թերթը:
«Փաստ»-ը գրում է. «Այն, որ նոր իշխանությունների թիմի անդամների զգալի մասի դեպքում նախընտրելին լռությունն է, գիտակցում են նաեւ թիմի ներսում: Արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածը ցույց է տվել, որ հատկապես պատգամավորական կորպուսի մի մասի հրապարակային ելույթներն ու հարցազրույցներն ավելի մեծ խնդիր են առաջացնում իշխանությունների ու վարչապետ Փաշինյանի համար, քան ընդդիմադիր ամբողջ դաշտը միասին: Շատերի համոզմամբ, այստեղ գործ ունենք փորձի պակասի հետ, որը գուցե լրացվի ժամանակի ընթացքում: Մինչ այդ, Փաշինյանը հանձնարարել է սահմանափակել պատգամավորների հարցազրույցները: Իսկ ահա միջազգային կառույցներում «Իմ քայլի» անդամ պատգամավորներին ընդհանրապես արգելել է հարցազրույցներ տալ՝ արտաքին քաղաքական դաշտում, մեղմ ասած, «լյապերից» խուսափելու համար»:
«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարարությունում բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ոչ միայն երկու փոխնախարարներին հեռացնելու ուղղությամբ, այլեւ Մհեր Եղիազարյանի մահվան «հանգամանքների» հետ կապված։ Համառ լուրեր են շրջանառվում, որ Զեյնալյանը «Կենտրոն» ՔԿՀ-ում` Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է:
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայի դեսպանատան հետ: Այսպիսով, Շվեդիայում Հայաստանի դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Իսլանդիան: Հնարավոր է, որ միավորված դեսպանատունը ղեկավարի Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը»:
«168 ժամ»-ը գրում է. «Օրերս «Գազպրոմ Արմենիա»-ն տարածքային բոլոր գրասենյակներում ժողով է հրավիրել եւ հայտարարել, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլեւս վնասով է աշխատում, և իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչեւ Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի: Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը: Տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը եւ վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը: Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով եւ թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն այսօր էական նշանակություն ունի «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար»:
0Comments