Մենք նախատեսում ենք հարկային փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը շատ կարևոր է, որովհետև այն հսկայական շուկա է մեր երկրի գործարարների համար

Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: Այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք նախատեսում ենք հարկային փոփոխություններ, որոնցով բարելավվելու է բիզնես միջավայրը, որպեսզի դաշտը գրավիչ լինի ցանկացած ներդրողի համար: Մենք նախատեսում ենք խրախուսել անապահով ընտանիքներին աղքատությունը հաղթահարելու գործում: Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես: Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից: Այս ճանապարհով մենք ցանկանում ենք խրախուսել մեր քաղաքացիներին, որ միջոցներ ձեռնարկեն, սկսեն բիզնես գործունեություն և կառավարության հետ միասին հաղթահարեն  աղքատությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը շատ կարևոր է, որովհետև այն հսկայական շուկա է մեր երկրի գործարարների համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի մասին: Կարևորելով այն՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այն պետք է կյանքի կոչել հնարավորինս լավ:

«Այս համաձայնագիրն առնչվում է սոցիալական, քաղաքական բարեփոխումներին, մենք նախատեսում ենք ուժեղացնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները: Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են հեղափոխությամբ, բայց մենք կարիք ունենք մեր ժողովրդավարությունը ինստիտուտոցիոնալ հիմքով ամրապնդել, այդ գործում ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը»,- ասել է նա: