Ես պատրաստ եմ անձամբ պարգևատրել ծերուկին ռուսական հատուկ գործողությանն ակտիվ աջակցության համար․ Կադիրովը՝ Բայդենի մասին

ՖՈՏՈ

1

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել է ավելացնել «Ջավելին» հակատանկային կառավարվող հրթիռների մատակարարումներն Ուկրաինա։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

«Մենք Բայդենից պահանջում ենք ավելացնել «Ջավելին»-ների մատակարարումները, ես պատրաստ եմ անձամբ պարգևատրել ծերուկին ռուսական հատուկ գործողությանն ակտիվ աջակցության համար»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Կադիրովի խոսքով՝ Մարիուպոլում չեչեն մարտիկները 24/7 ռեժիմով զբաղված են «բանդերական ազգայնականների» որոնմամբ և վերացմամբ:

Կադիրովը հավելել է, որ չեչեն մարտիկների համար այս առաջադրանքի իրագործումը «մեծապես հեշտացնում է պարոն Բայդենը, որը նրանց ապահովում է ժամանակակից ամերիկյան զենքերով»։

«Տղաներին հատկապես դուր է եկել «Ջավելին» ՀՏԿՀ-ն, որն ունի կրկնակի արդյունավետություն: Այս արժեքավոր ավարը չտալու համար ազգայնականները սովորաբար երկու-երեք մարդու կյանք են զոհաբերում։ Իսկ հետո արդեն մեր մարտիկները դրանով բանդերականների մի ամբողջ անձնակազմ են ոչնչացնում», -գրել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: