Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ․ թշնամին ունի մարդկային ու զինտեխնիկայի բազմաթիվ կորուստներ․ Դավիթ Բաբայան

Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ, մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է. Բաբայան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են, և դրանք շարունակվել են ողջ գիշեր։

«Արցախի Պաշտպանության բանակը շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն՝ շոշափելի հարվածներ։ Թշնամին ունի բազմաթիվ կորուստներ, մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Ամբողջ գիշեր մեր հրետանին աշխատել է և աշխատում էր շատ արդյունավետ։ Մեր հրետանու աշխատանքը նաև մարդիկ են լսել, ինչը շատ ոգևորիչ է»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի նախագահի երեկվա ուղերձին, Դավիթ Բաբայանը նշել է, որ միայն մեկ բան կարող է ասել. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի պաշտպանենք Արցախը, այդ թվում՝ Շուշին,  բոլորս միասին։ Սա է ամենակարևորը, մնացածին չեմ ուզում որակավորումներ տալ։ Ընդհանուր առմամբ այսօր մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեկ առաջադրանքի վրա՝ կռվել ու պաշտպանել Արցախը, պահպանել մեր պետականությունը և փրկվել ցեղասպանությունից, սա է ամենակարևորը»։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից կոչով դիմել էր ողջ հայությանը՝ Արցախի ինքնապաշտպանությանը միանալու համար։