Քայլիշխանության քիչ թե շատ «ադեկվատ» դեմքերից մեկը, որոնց մատների վրա կարելի է հաշվել` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երեկ, հիմնավորելով Ամուլսարի հանքավայրի վերագործարկման դեռեւս չընդունված որոշումը, գրեթե մեկին մեկ կրկնեց այն, ինչի մասին մի տարի շարունակ ահազանգում են մասնագետները, ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլը. որ չի կարելի հենց այնպես, առանց իրավական լուրջ հիմքերի գրողի ծոցն ուղարկել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող խոշորագույն ներդրումային ծրագիրը`անդառնալի վնաս հասցնելով մի կողմից Հայաստանի տնտեսությանը, մյուս կողմից` հանքավայրը շահագործող «Լիդիան» ընկերությանը։
Եվ, որ այդ ամենն անհետեւանք չի մնալու. թավշյա կառավարությունը վաղ թե ուշ պատասխան է տալու իր հանցավոր անփութության կամ միտումնավոր անգործության համար։ Առնվազն միջազգային արբիտրաժային դատարանում։
«Մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը եւ հնարավորությունները։ Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին, ելքը լիովին կանխատեսելի չէ, եւ հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարներն օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց եւ միգուցե չգնված զենք»,- խոստովանեց Ավինյանը։
Ափսոս, «քայլիշխաններից» ամբողջ մի տարի պահանջվեց` հասկանալու մակերեսին գտնվող այդ «պարզ ճշմարտությունը», եւ ամենաքիչ 400 հազար դոլար` անհասկանալի պայմաններում խիստ անհասկանալի չափանիշներով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված «Էլարդ» ընկերությանը պատվիրված «փորձաքննության» համար, որի արդյունքներն ի սկզբանե կանխորոշված էին։
Ո՞վ է պատասխան տալու վատնված ժամանակի եւ միջոցների, բյուջե չմտած հարկերի` չվերանորոգված ճանապարհների, մանկապարտեզների, հիվանդանոցների, չգնված զենքի եւ «Լիդիանին» դեռ վճարվելիք տուգանքների` «փոխհատուցումների» համար, փոխվարչապետը չի ասում։
Այս պահին Ավինյանին մտահոգող թիվ 1 խնդիրը հանքավայրի վրա վերջնականապես խաչ քաշելու դեպքում ներդրումային մթնոլորտին հասցվելիք (արդեն հասցված.- Լ.Պ) վնասն է. «Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում` ներդրողներ ներգրավելու համար»։
«Օրուգիշեր աշխատելով»` ինչ արդյունք են արձանագրել, ոչ մեկը չգիտի. ներդրումներից ձեն-ձուն չկա ու չի լինելու, քանի դեռ թավշյա կառավարիչները սխալներից դասեր չեն քաղել. տեղը չեն բերել, որ Ամուլսարի պատմությունը ներդրողներին խրտնեցնող գործոններից մեկն է, բայց միակը չէ։
Ներդրողները շարունակելու են փախչել, իսկ նորերը գալու մասին չեն էլ մտածելու, քանի դեռ անվավեր չի ճանաչվել մատից ծծած մեղադրանքով հանրապետության նախկին նախագահին «նստացնելու» քաղաքական պատվերը, եւ օրակարգից դուրս չի եկել առանց դատարանի վճռի անձի ունեցվածքի բռնագրավման հարցը, քանի դեռ վարչապետը կոպտորեն միջամտում է դատական իշխանության գործերին, արգելափակել տալիս դատարանները, հետապնդում իր քիմքին ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորներին, «օրենքով կաշառք» առաջարկում ՍԴ դատավորներին վաղաժամկետ թոշակի գնալու համար, ինչ է թե իր «սեփական» գրպանային դատարանը ձեւավորի։
Ներդրումներ չեն լինելու, քանի դեռ հասարակությունը շարունակում են բաժանել սեւ-սպիտակի, յուրայինների եւ օտարների ու ականջի օղ չեն արել. այդպես երկիր չեն կառուցում. այդպես երկիրը քանդում են...
0Comments