Սուպերվարչապետը կարմիր լույսի տակ կանգնու՞մ է, դատարանու՞մ ցուցմունք է տալիս

 Ես ասում եմ՝ ես Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չունեմ, ՀՀ ում իշխանությունը պատկանում է ժողովրդին

Արդյոք սուպերվարչապետության ինստիտուտ պահելը կա Նիկոլ Փաշինյանի օրակարգում, պատրաստվո՞ւմ է այն վերացնել և երբ։

Իշխանության մեկ տարին ամփոփող Նիկոլ Փաշինյանին նման հարց հնչեց։  Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հարցը տալու համար և առաջարկեց հասկանալ՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Արդյոք այդ համակարգի հակառակ երեսը նշանակո՞ւմ  է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայաց։

«Կարա՞ք բացատրեք, թե ինչու է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում։ Սուպերվարչապետը ինչի՞ է 5 ասուլիս տալիս։ Ձեզ որևէ մեկն ինստրուկտաժ արե՞լ է՝ ինչ հարց պետք է տաք։ Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, թեկուզ այս շփման ընթացքում  վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել։  Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և լծակները չեն։  Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու՝ չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինինը՝ քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, ստեղ՝ էն մյուսը, ստեղ՝ իմն ա լրիվ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով՝ մի տեղ պետք է ընտրվի այնինչը, դատական համակարգը՝ առանց Բաղրամյան 26-ի որոշում չընդունեց։ Հարցրեց նաև՝ ինչի՞ ենք վերադարձրել Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրին։ Ինչո՞ւ են ԱԺ դռները բաց։  

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե քննադատելով սուպերվարչապետական համակարգը առաջին հերթին վերը նշվածն է նկատի ունեցել։ Նաև հարցրեց՝ սուպերվարչապետը գնում է, դատարանում վկայի կարգավիճակով ցուցմո՞ւնք է տալիս։ Ասաց նաև, որ գիտի, որ ոմանք շոու են համարում,չհամաձայնեց՝ շոու չէ, քաղաքական կամքի ցուցադրություն է։ Ասաց՝ կարո՞ղ է չանել, ասուլիս էլ չտալ։

Ամփոփելով՝ վարչապետն ասաց, որ ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։

Կոնկրետ կառուցվածքային մասով՝ ԱԱԾ-ը նախարարություն դարձնելու։ 
«Հարց՝ մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան։ Իր քաղաքական կարիերան ոնց՞ է ձևավորվել, որ ԱԱԾ ղեկավարի ժամանաներից կամաց-կամաց․․․ ուզում ենք, թե չէ։  Սուպերվարչապետությունն էն ա, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունն ու ասում՝ ոչ մեկին չեմ տա։  Ես ասում եմ՝ ես Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չունեմ, ՀՀ ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե  ինչու լուծարվեց ջրային պետական կոմիտեն, կառույցի կարգավիճակի իջեցումն ինչով է պայմանավորվում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տպավուրություն է, որ ինչ-որ հարց լուծելու համար պետք է ստեղծվի մի առանձին կառույց։

«Ես այդ տեսակետին չեմ, հակառակը, կարծում եմ, որ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական, հեշտ կառավարելի և մոբիլ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ 2018-ի մայիսի դրությամբ մեր պետական կառավարման համակարգը այնպիսին էր, որ ըստ էության, կար երևացող կառավարություն և չերևացող կառավարություն՝ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների ու հիմնադրամների տեսքով։ Իսկ ջրային համակարգը դե ֆակտո խայտառակություն է ըստ Նիկոլ Փաշինյանի։ Նա նշեց, որ այս տարի եղանակը մեր կողմից է եղել, բավակաբնաչափ ջուր է հավաքվել և ակնկալում է լավ գյուղատնտեսական տարի, գրում է hraparak.am: