Ես մեղավոր եմ Աստծո առաջ. Բարսեղ Բեգլարյան

Բարսեղ Բեգլարյանը դատարանում հայտարարեց, որ հաջորդ նիստին կներկայանա ևս մեկ փաստաբանի` Վահագն Թորոսյանի հետ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան, Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում «Ֆլեշի» Բարսեղ  մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի և«Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը շարունակվեց քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ։

Դատարանը հրապարակում է մի շարք հեռախոսահամարներից կատարված ելքային ու մուտքային զանգերի նամակագրությունն ու տևողությունը: Դատարանը նաև պետք է հետազոտեր քրեական գործում առկա մի սկավառակ, սակայն համակարգչով մի քանի անգամ փորձելուց հետո սկավառակը «չբացվեց»: Դատարանը հետաձգեց սկավառակի հետազոտումը:

Դատական նիստի ընդմիջման ժամանակ Բարսեղ Բեգլարյանին լրագրողները հարցրին, թե ինչ կարծիքի է իրեն առաջադրված մեղադրանքի մասին:

«Ես մեղավոր եմ Աստծո առաջ, իսկ օրենքի առաջ միշտ օրինապահ եմ»,- ասաց ամբաստանյալը:

Բարսեղ Բեգլարյանը դատարանում հայտարարեց, որ հաջորդ նիստին կներկայանա ևս մեկ փաստաբանի` Վահագն Թորոսյանի հետ: Նա գործում կներգրավվի որպես Բարսեղ Բեգլարյանի շահերի ևս մեկ պաշտպան: