Հայտարարությունը, թե ԵՄ-ն պարտադրում է Հայաստանին, ռուսական նարատիվ է․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

Հայտարարությունը, թե Եվրամիությունը կամ ԵՄ որևէ երկիր ինչ-որ բանի դիմաց Հայաստանին ինչ-որ բան է պարտադրում, ռուսական նարատիվ է։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումից հետո ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանն ինքն է անում իր ընտրությունը։ Մենք դուրս ենք եկել այն սահմաններից, ինչ կարող է մեզ առաջարկել ԵՄ-ն։ ԵՄ ոչ մի երկիր որևէ երկրի հետ հարաբերությունները խզելու պայման չի դրել։ Ընդհակառակը, ԵՄ որոշ երկրներ փորձեցին մեզ հետ պահել բազմաթիվ քայլերից։

Այո, մենք տնտեսապես կախված ենք Ռուսաստանից։ Երբ ժամանակը գա, մենք մեր բոլոր գործընկերների հետ կքննարկենք և կհասկանանք, թե ինչ որոշումներ կարելի է ընդունել։ Միևնույն ժամանակ, մենք բոլոր ոլորտներում զբաղված ենք դիվերսիֆիկացմամբ և շարունակելու ենք այս գործընթացը, որպեսզի կախված չլինենք որևէ այլ երկրից»,- նշել է խորհրդարանի նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ գործընկերների (Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներից – խմբ.) քննարկումներն ու այցը դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։

«Ես և իմ գործընկերները քննարկել ենք բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների և խաղաղության պայմանագրի հարցերը»,- եզրափակել է նա։