Իսրայելի անվտանգության կաբինետը կքվեարկի Իրանի հրթիռային հարվածին պատասխանելու հարցը. Israel Today

Մանրամասներ
իրան իսրայել

Իսրայելի անվտանգության կաբինետը հինգշաբթի քվեարկելու է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորելու առաջարկի հարցը՝ որոշելու երկրի արձագանքը անցած շաբաթ Իրանի հասցրած հրթիռային հարվածին պատասխանելու մասին, գրել է Israel Today կայքը։

Չորեքշաբթի Գալանտը հայտնել է, որ Իսրայելի պատասխանը «լինելու է հզոր, ճշգրիտ եւ, նախ եւ առաջ, անսպասելի», եւ ավելացրել է, որ Իրանը «չի հասկանա, թե ինչ եւ ինչպես տեղի ունեցավ»։

ՑԱԽԱԼ-ի հետախուզական վարչության 9 900 ստորաբաժանում (որը պատասխանատու է վիզուալ ինֆորմացիայի հավաքման համար) կատարած այցի ժամանակ Գալանտը նաեւ ասել է, որ չնայած իրանական գրոհը «ագրեսիվ» էր, հրթիռները «նպատակին չեն հասել, որովհետեւ ճշգրիտ չէին»։

«Ռազմաօդային ուժերը չեն տուժել, բոլոր թռիչքուղիները գործում են, մեր գործունեությունը շարունակվում է, ոչ մի ինքնաթիռ չի վնասվել, ոչ մի զինվոր կամ քաղաքացիական անձ չի տուժել»,- ասել է նա։

«Երբ մենք նայում ենք մեր ունակություններին, Իսրայելի Պաշտպանության բանակի, Հետախուզական վարչության, ռազմաօդային ուժերի եւ ողջ գերատեսչության ունակություններին, տեսնում ենք, որ դուք ճշգրիտ եք եւ հզոր։ Ինչպես արդեն ցույց ենք տվել մինչ այժմ այս պատերազմում եւ բոլոր ասպարեզներում. նա, ով հարձակվի Իսրայելի վրա, իր գինը կվճարի»,- ավելացրել է նախարարը։