2018-ին ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2000 քաղաքացի

Կան մտահոգություններ

2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21061 քաղաքացի, որոնցից 18095 դուրս է եկել երկրից:

Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում մնացած Հնդկաստանի 2966 քաղաքացուց ըստ 2018-ի տվյալների, կացության կարգավիճակ է ստացել 2000-ը, որոնց մեծ մասը՝ ուսման հիմքով։

Արմեն Ղազարյանի խոսքերով 2016 թվականին կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1086 քաղաքացի, 2017-ին 938 քաղաքացի:

Նա ընդգծեց, որ այս առումով կան որոշակի մտահոգություններ, մասնավորապես, ինչպիսի ազդեցություն սա կարող է ունենալ մեր աշխատաշուկայի վրա, ինչպիսի կարգավորումներ կան և ինչպիսիք են անհրաժեշտ նրանց մուտքերի ու ելքերի մասով, ինչպիսի կարգավորումներ կան առողջապահական խնդիրների մասով. «Այն էֆեկտը, որ մենք տեսանք սոցիալական մեդիայում, ստացավ նաեւ ատելության խոսքի դրսեւորում: Ատելության խոսքը ոչ մեկին ոչ մի լավ տեղ չի տանի, որովհետեւ այն նաեւ վերածվում է գործիքի եւ դրա փորձառությունը հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ունեցել է»,-ասաց նա: