Հացադուլն իրականում մշակույթի նախարարության խայտառակությունն է. Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին, նշեց կոմպոզիտոր, երգիչ, բժիշկ Վահան Արծրունին, որ եկել էր զորակցելու կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին։ «Այսինքն՝ հասցնել արվեստագետին այն աստիճանի, որ նա ստիպված վտանգի իր առողջությունն ու կյանքը։ Սա աննախադեպ իրողություն է եւ պահանջում է հրատապ լուծում՝ հօգուտ արվեստագետի, հօգուտ արվեստի»,– ասաց Արծրունին։
Նա նշեց, որ Լիլիթ Մակունցը հազիվ թե կարող է եւ իրավասու է պետության դիրքորոշումը հրապարակել։ «Ես այստեղ տեսնում եմ միայն չինովնիկական ամբիցիայի դրսեւորում, եւ դեռեւս մենք առիթը չունենք՝ քննելու պետության վերաբերմունքը, որովհետեւ էդ վերաբերմունքի դրսեւորումը դեռեւս չի եղել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը՝ պահանջելով պետությունից կատարել նախապես ստանձնած պարտավորությունները, որպեսզի «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի աշխատանքները շարունակվեն։
2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։ 2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է։
0Comments