Այն խնդիրը, որ մեր առջև դրել էինք մեծ մասամբ լուծվել է. Արայիկ Հարությունյան

Խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետին զեկուցեց, որ այս օրերին արդեն ավարտում են բուհերի խորհուրդների ձևավորումը: Վերջինս հայտնեց, որ իրենց առջև դրված խնդիրը մեծ մասամբ լուծել են, խորհուրդները 99 տոկոսով ապաքաղաքականացված են, այնտեղ ներգրավված քիչ պաշտոնյաների ներկայությունն էլ օրենքով է նախատեսված:

«Այն խնդիրը, որ մեր առջև դրել էինք, բուհերի ինքնավարության բարձրացումը և ակադեմիական ազատության մեծացումը, այդ խնդիրը լուծել ենք, եթե հետևեք խորհուրդների ղեկավարների ընտրության արդյունքներին, կտեսնեք, որ դրանք հասարակության մեջ հարգանք վայելող մարդիկ են, որ կարող են նոր որակի բերել բուհերը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց`պետք է արձանագրել, որ կառավարությունն այստեղ բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, հետևաբար նաև այսօր ուղղակի և օրենքով չնախատեսված միջամտությունների տրամաբանությունից իրենց դուրս են դնում, նաև, ինչպես նախարարը նշեց, խորհուրդների ինքնակառավարման ինստիտուտի հաստատման և ուժեղացման ճանապարհին բավական գործ ունեն անելու, այդ թվում նաև օրենսդրական փոփոխության տրամաբանությամբ: Վարչապետն ասաց, որ այստեղ պիտի նաև բուհերի դասախոսական կազմին, ուսանողներին առավել կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ անել, որ ավելի շատ կարողանան համագործակցել այդ նոր բովանդակությունը ստեղծելու շուրջ:

Փաշինյանը նշեց, որ իրենց խնդիրն իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ ներկայացնելն է: