«Հրապարակ»-ը գրում է. «ՀԱՊԿ քարտուղարի հարցը մեկընդմիշտ լուծված չէ. 2-3 ամիս հետո այն կրկին օրակարգ կմտնի: Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ասել են, որ պաշտպանում են Բելառուսի թեկնածու Զասին։ «Ոչ, դա ընդամենը փիար ակցիա էր Լուկաշենկոյի կողմից, դա Բատկայի երազանք-ճնշումն էր Պուտինի վրա` ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում Նազարբաեւ-Լուկաշենկո տանդեմը, նույնը` ԵՏՄ-ում։ Մի մոռացեք, որ Լուկաշենկոն ասել էր` մինչեւ դեկտեմբեր կլուծվի Զասի հարցը։ Դեկտեմբերն անցավ, հարցը չլուծվեց. այդ փաստաթուղթը ստորագրել են միայն Տաջիկստանն ու Բելառուսը, հարցի քննարկումը կշարունակվի մինչեւ պաշտոնական նշանակում։ Էտապներ կան, որոնցից չես կարող խուսափել, դա կարող է անգամ վերածվել լուրջ սկանդալի` հաշվի առնելով Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների վերջին թնջուկը` «հարկային մանյովրին»՝ 10 միլիարդին առնչվող։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել, Լուկաշենկոն այդ հարցում եւս բույանիտ արեց, հիմա լուռ հետ է քաշվել։ Բելառուսում այս տարի ընտրություններ են՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, Ռուսաստանը կարող է քթից բերել։ Դրա համար է Բատկան լռում։ Այնպես որ` պետք է սպասել, սրանք համալիր լուծման հարցեր են»,-գրել է թերթը:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ սխալը եղել ու մնալու է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ազատ արձակելու քաղաքական որոշումը: Համենայն դեպս, այդ խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանն ամեն քայլափոխի ապացուցում է դա: Խոսքն այստեղ միայն նրա ապերախտ, երախտամոռ պահվածքին չի վերաբերում, երբ վերջին հարցազրույցում, խոսելով ազատ արձակման մասին, ասել է. «Ես թքած ունեմ նման արդարության վրա եւ մեր խափանման միջոցը փոխելու, «լկստված» համաներում շնորհելու վրա, ես համաներման կարիք չունեմ, իմ ապստամբությունն արդարացի էր»: Այստեղ խնդիրն ավելի լուրջ է: Քննադատելով իշխանություններին` Մանուկյանն ասել է՝ վտանգի դեպքում կրկին պատրաստ է ըմբոստանալ, ընդ որում՝ չբացառելով կրկին զենքի դիմելը: «Ես չեմ ասում՝ պարտադիր է դա, բայց եթե պետք լինի… անցյալ իշխանությունը պետական տեռոր էր իրականացնում. եթե նույն բանը լինի, իհարկե, ապստամբելու եմ, իմ ժողովրդի համար եմ չէ՞ անում»: Բացի այդ, նա հայտարարել է. «Ամբողջը ավգյան ախոռների են վերածել: Վարչախմբի դեմքն է ընդամենը փոխվել»: Ու այս խոսքերի հեղինակը մի մարդ է, որը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէր պատկերացնի՝ ինքը եւ, ընդհանրապես, զինված խմբավորման անդամներն ազատ կարձակվեին: Նրանց սպառնում էր ցմահ ազատազրկում, նախկին իշխանությունը որոշումը կայացրել էր, ուղղակի իրագործմանը խանգարեց թավշա հեղափոխությունը: Այսօր Պավլիկ Մանուկյանն ու ընկերներն ազատության մեջ են ու սա բացառապես Փաշինյանի ղեկավարած թավշյա հեղափոխության արդյունքում, Փաշինյանի իշխանության քաղաքական կամքի շնորհիվ: Այն Փաշինյանի, որի մասին ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկն ասել էր. «Նիկոլին մի՛ լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվե՛ք գանգին՝ չերեւա»: Նրան այս խոսքերը Ն.Փաշինյանը հեշտ ներեց: Ինչպես տեսում եք, շատ իզուր. Ապարանցի Պավլիկը շարունակում է զենքի գործադրման մասին ակնարկել»,-գրել է «Ժողովուրդ»-ը:
«Հրապարակ»-ը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչեւ 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը: Մեր հարցին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ լուրերը որեւէ աղերս չունեն իրականության հետ. «Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում, բայց ոչ մի լուրջ խախտում, որեւէ լուրջ հարկային պարտավորություն չկա այս պահի դրությամբ` մեր մասով։ Չնայած ամեն ինչ արվում է, որ նման՝ հարկերը թաքցնելու պարտավորություններ հայտնաբերվեն»,-ասել է Աբրահամյանը:
«Իրավունք»-ը գրում է. «Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանն ուշագրավ հայտարարություն է արել. «Երբ մայիսի 28-ին զորավարը ԵԿՄ վարչության եւ անդամների հետ մասնակցում էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա տոնախմբությանը, արդեն իսկ լավ գիտեր, որ նա լարած թակարդի մեջ է, որովհետեւ հենց վերջին ժողովի ժամանակ արտահայտել էր կարծիք, որ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված: ԱԱԾ-ն հրապարակավ վարկաբեկեց գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը, ստեղծեցին շոու, որպեսզի նրա հանդեպ իրականացվի ուղիղ վենդետա: Սա կատարվեց ի պատիժ այն բանի, որ նա ժամանակին այդպես էլ չմիացավ Նիկոլին ու Լեւոնին, որպեսզի իրականանա հեղաշրջում»:
«Հրապարակ»-ը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում զանգվածային «ներգաղթ» է սկսվել. ավելի քան 3 հազար մարդ է դիմել այս կառույցում աշխատելու համար, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա չի թաքցրել նաեւ, որ 2016-2017 թվերին՝ նախկին իշխանությունների պաշտոնավարման վերջին տարիներին, ոմանք զանգվածաբար հեռացել են համակարգից։ «Ես չեմ ուզում ասել, թե ինչ պատճառներով, չեմ ուզում նախկինների մասին խոսել, մի քանի անգամ այս մասին հայտարարել եմ ու հավատարիմ եմ մնում այդ սկզբունքին»,- նշել է Վանեցյանը՝ հեռանալու պատճառները չբացահայտելով։ Հարցին՝ իսկ իր պաշտոնավարման ընթացքում ազատվե՞լ է նախկին համակարգի կարկառուն կադրերից, Վանեցյանը նկատել է, որ ինքն էլ է համարվում նախկին համակարգի «կադր», ապա հորդորել է ԱԱԾ-ն դիտարկել այլ հարթության վրա. «ԱԱԾ-ն յուրահատուկ մտածելակերպ ունեցող մարդկանց հիմնարկ է, որ մտնում ես այդ հիմնարկ, դու դառնում ես ուրիշ մարդ, իսկ գերնպատակը լինում է ծառայել պետությանը եւ ապահովել պետության անվտանգությունը։ Այս համատեքստում բնական է, որ կադրային ջարդ չէր կարող լինել, ընդհակառակը՝ շատ մեծ ներհոսք է եղել 2018-ի ընթացքում, մինչդեռ մեկ-երկու տարի առաջ զանգվածաբար լքում էին»,-ասել է Վանեցյանը։
0Comments