Երեկ գիշեր Իրանից Հայաստան ժամանեց ազնվացեղ եղջերուների երկրորդ խումբը: Հինգ կենդանիներից երկուսն արու են, երեքը՝ էգ։
Կենդանիները կապրեն Դիլիջանի ազգային պարկում, տարածքը ցանկապատված է, ցանկապատը՝ ստուգված։
«Ամուր է»,-վստահեցնում է «Վայրի Բնության Հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը։
Այժմ Դիլիջանի ազգային պարկում 9 ազնվացեղ եղջերու կա։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են Հայաստան՝ տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ Ըստ պայմանավորվածության, պետք է Հայաստան բերվեր 4 եղջերու, սակայն իրանական տարածքում եղջերուներից մեկը փախել է։
Արդեն հուլիսին Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»-ում ծնվեց Իրանից Հայաստան բերված ազնվացեղ եղջերուների առաջին ձագուկը: Նա արական սեռի է:
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։
Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հարավային Կովկասի ամենավտանգված տեսակներից է: Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում երբեմնի տարածված այս ցեղատեսակը տասնյակ տարիներ առաջ որսագողության և ապրելավայրերի խաթարման պատճառով վերացել է Հայաստանից և այժմ դիտարկվում է որպես հարևան հանրապետություններից Հայաստանի տարածք պատահականորեն մտած կենդանի:
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
0Comments