Եվրասիական տնտեսական միության դատարանում փետրվարի 4-ին կայացել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը դատարանի նախագահ Ժալիմբետ Բաիշևը (Жолымбет Баишев) ներկայացրել է դատարանի կազմավորման պատմությունը, նրա լիազորություններն ու անցյալ տարվա արդյունքները։ Դատարանի նախագահը կարևորել է Հայաստանի ներդրումը Եվրասիական ինտեգրացիոն միավորման զարգացման գործում՝ այս համատեքստում ընդգծելով հայաստանյան կողմի առարկայական առաջարկություններն ու Հայաստանի համագործակցությունը այլ երկրների և կառույցների հետ՝ նշելով համադրելիության սկզբունքի ապահովումը։
Հայաստանի դեսպանն իր հերթին հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների վրա, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված ուղերձում։ Արմեն Ղևոնդյանի կողմից նաև նշվել է, որ անդամ պետությունների ջանքերի հետևողական համադրումը ԵԱՏՄ մասին Պայմանագրի համար հոբելյանական տարում, այդ թվում նաև ՀՀ կողմից ներկայացված առաջնայնությունների առաջմղման հարցում, կնպաստի ԵԱՏՄ զարգացմանը՝ ի շահ Պայմանագրում ամրագրված նպատակների իրականացման։
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵԱՏՄ դատարանի առաքելության կարևորությունը։
0Comments