Միջերկրական և Բալթիկ ծովերում ռուսական նավերի վրա ուկրաինական հարձակումները հարուցել են եվրոպական մի շարք երկրների իշխանությունների դժգոհությունը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ պատերազմը չպետք է տարածվի Միջերկրածովյան տարածաշրջանի վրա, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Կիևին նախազգուշացրել է զերծ մնալ հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելուց։

«Մենք պետք է հստակ արտահայտենք այս դիրքորոշումը, ինչպես արել ենք վերջին օրերին մեր ուկրաինացի բարեկամների հետ զրույցներում», — ասել է Մելոնին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվել Ռուսաստանից, սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել եվրոպական սահմանների և քաղաքացիների անվտանգությունը։

Գրոհը Լիբիայի Բենգազի նավահանգստում վրդովմունք և զարմանք է առաջացրել Հռոմում, այդ թվում՝ պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի մոտ, հայտնել են Bloomberg-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ պատերազմից բզկտված Լիբիան, որպես Իտալիայի նախկին գաղութ, շարունակում է մնալ այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը։ Հռոմում մտավախություն ունեն, որ նման հարվածները կարող են է՛լ ավելի ապակայունացնել աֆրիկյան երկիրը և փախստականների նոր հոսք առաջացնել։

Վադեֆուլն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան ճանաչում է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը և օրինական է համարում ռուսական ռազմական օբյեկտներին հասցվող հարվածները, սակայն դեմ է հակամարտության աշխարհագրության ընդլայնմանը։ «Մենք պետք է զսպենք այն և թույլ չտանք հետագա սրացում», — ընդգծել է նախարարը։ Նա նաև մտահոգություն է հայտնել Բալթիկ ծովում նավագնացությանն ու շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վտանգների առնչությամբ։ Այնտեղ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 21-ին հարվածել էին Sparta II բեռնատար նավին, որը մասնակցում է ՌԴ պաշտպանության նախարարության շահերից բխող զենքի փոխադրումներին։

Նոյեմբերի 22-ին Ուկրաինան ծովային անօդաչու սարքերի օգնությամբ Լիբիայի ափերի մոտ խորտակել է ռուսական «Մերկուրի» կորվետը և վնասել Angara չորաբեռնատար նավը։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Միջերկրական և Բալթիկ ծովերում գործողություններն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ Միաժամանակ, նա ընդունել է, որ այդ գործողությունները եվրոպացի գործընկերների շրջանում «տարբեր արձագանքներ» են առաջացրել, և նախարարներին ու զինվորականներին հանձնարարել է հետագայում ավելի մանրամասն տեղեկացնել դաշնակիցներին, որպեսզի «անակնկալներ չլինեն»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս Ուկրաինային կոչ էր արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանն այլ երկրներում։ Այդ նպատակով նա փոխել էր ՆԱՏՕ-գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ հայտարարության տեքստը. սկզբնական տարբերակում այն վերաբերում էր միայն Ռուսաստանին։

Share.