Ավստրիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի կարգավորման և անվտանգության հարցերով բանակցությունները, որոնց կարող են մասնակցել նաև Ռուսաստանն ու եվրոպական երկրները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կլեմենս Մանթլը։
Նրա խոսքով՝ Վիեննան պատրաստ է հարթակ տրամադրել նման հանդիպումների համար՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, որ կարգավորման հարցերը պետք է քննարկվեն չեզոք տարածքում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը նախկինում կասկածի տակ էր դրել Վիեննայում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Նոյեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին հայտարարել էր, որ Ավստրիան կորցրել է հեղինակավոր միջազգային հարթակի իր համբավը՝ քննադատելով Ուկրաինայի հարցում Վիեննայի դիրքորոշումն ու չեզոքությունից նրա հեռանալը։
