Պարարտանյութերի եվրոպական արտադրողները էներգակիրների բարձր գների պատճառով դադարեցնում են արտադրական հզորությունների մի մասի աշխատանքը, ինչը կմեծացնի Եվրամիության կախվածությունն արտասահմանյան մատակարարներից։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով Argus վերլուծական գործակալությանը։
Թերթի տվյալներով՝ արդեն դադարեցվել է ամոնիակի արտադրության՝ տարեկան առնվազն 5 մլն տոննա ընդհանուր հզորությամբ ձեռնարկությունների աշխատանքը։ Դա կազմում է Եվրոպայում ամոնիակի արտադրության ընդհանուր ծավալի մոտ 28–35%-ը։ Նշվում է, որ սեպտեմբերին ԵՄ-ում ամոնիակի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի։
OCI Nitrogen քիմիական ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ընկերությունները կարճաժամկետ հեռանկարում կարող են դիմակայել էներգակիրների բարձր գներին, սակայն երկարաժամկետ հեռանկարում «շատ արտադրողներ կա՛մ կսնանկանան, կա՛մ արտադրությունը Եվրոպայից կտեղափոխեն այլ տարածաշրջաններ»։ Պարարտանյութերի խոշորագույն արտադրող Yara-ն եվրոպական իր ձեռնարկություններում արդեն 27%-ով կրճատել է արտադրությունը։
Argus-ի հաշվարկներով՝ ստեղծված իրավիճակի հետևանքով Եվրոպայում ամոնիակի գինը հասել է մեկ տոննայի դիմաց 1 096 դոլարի, մինչդեռ Հյուսիսային Աֆրիկայից, Տրինիդադ և Տոբագոյից ու ԱՄՆ-ից մատակարարվող ամոնիակի մեկ տոննան արժե մոտ 760 դոլար։
