Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ ձգտում է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի՝ Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը՝ Հարավային Կովկասում սեփական ազդեցությունն ուժեղացնելու Ռուսաստանի փորձերի ֆոնին։ «Եվրոպայի շահերից է բխում դիմակայել դրան և թույլ չտալ Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում»,- երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Գերմանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է DW-ն։

Վադեֆուլը հիշեցրել է, որ Եվրոպան Ուկրաինայի օրինակով տեսնում է, թե ինչի կարող է հանգեցնել ռուսական ազդեցության ուժեղացումը։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման հնարավորությունը՝ ընդլայնելով վերջինիս հետ քաղաքական և բնապահպանական կապերը։ Նա նշել է, որ Հայաստանը տևական ժամանակ տնտեսական ու ռազմական կախվածության մեջ է եղել Ռուսաստանից։

Խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև

Որպես այցի ևս մեկ նպատակ Վադեֆուլը նշել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելը։ Նրա խոսքով՝ սա այն եզակի հակամարտություններից է, որը խաղաղ կարգավորման հնարավորություն ունի։

«Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նա նշել է, որ երկու կողմերն էլ համաձայն են ընդունել համաձայնագրի տեքստը, որը հիմնականում արդեն նախապատրաստված է։

Տասնամյակներ տևած դիմակայությունից հետո դա կարող է խաղաղություն հաստատելու հնարավորություն ընձեռել եվրոպական այս տարածաշրջանում, որը բազմիցս պատերազմներ ու մարդկային կորուստներ է վերապրել, ընդգծել է Վադեֆուլը։

Էներգետիկ համագործակցություն Ադրբեջանի հետ

Նախարարը մտադիր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացմանը։ Նա այդ երկիրը որակել է որպես Գերմանիայի և եվրոպական այլ պետությունների կարևոր գործընկերներից մեկը՝ էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման հարցում։

«Ադրբեջանից մենք հուսալիորեն գազ և նավթ ենք ստանում։ Դա վերաբերում է Գերմանիային և եվրոպական այլ երկրներին»,- նշել է Վադեֆուլը։ Նրա խոսքով՝ այդ մատակարարումներն անհրաժեշտ է կայունացնել, իսկ Եվրոպան պետք է ընդլայնի էներգակիրներ մատակարարողների շրջանակը՝ առանձին երկրներից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար։

Գերմանիայի արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ մտադիր է ադրբեջանական կողմի հետ քննարկել երկրի ներքին իրավիճակը, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերը։ Հարավային Կովկասի և եվրոպական երկրների միջև առավել սերտ տնտեսական համագործակցության հեռանկարների զարգացումը Վադեֆուլը համարել է իր այցի գլխավոր նպատակը։

Share.