Ռուսաստանը փորձում է Եվրոպայի վրա դնել խաղաղության բանակցություններում նախաձեռնություն ցուցաբերելու պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե սպասում է եվրոպական առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են։ Հանկարծ ստացվում է, որ մենք պետք է նրանց ինչ-որ բան առաջարկենք, թեև պատերազմը հենց իրենք են սկսել»,– ասել է Կալասը։
Կալասը նաև հիշեցրել է, որ 2021 թվականին Ռուսաստանը ներկայացրել էր պահանջների ցանկ, որը, իր գնահատմամբ, պատերազմ սկսելու հստակ պատրվակ էր։ Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան կրկին առաջ է քաշում նույն պահանջները՝ դրանց ավելացնելով նորերը։
«Սա նույնպես պատերազմը շարունակելու հստակ պատրվակ է։ Մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք»,– հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։
