Բունդեսթագը երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը Դաշնային հետախուզական ծառայության (BND) և Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության (BfV, հակահետախուզություն) լիազորությունների ընդլայնում է նախատեսում։
Համապատասխան օրինագիծը Գերմանիայի դաշնային կառավարությունը ներկայացրել էր սեպտեմբերին։
Բաց քվեարկության ժամանակ օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 308 պատգամավոր, դեմ՝ 190-ը, իսկ 71-ը ձեռնպահ է մնացել։
Օրինագծի բացատրական գրության մեջ դաշնային կառավարությունը մատնանշում է արտաքին հետախուզության ծառայությանը մի շարք լիազորություններ տրամադրելու անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան նրան ուղղակիորեն արձագանքել իր հետախուզական գործունեության ընթացքում բացահայտվող անմիջական վտանգներին։ Բացի դրանից, նախատեսվում է օտար պետություններից բխող սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու հնարավորություն։
Հակահետախուզությանը կտրամադրվի օպերատիվ անհրաժեշտության դեպքում այսպես կոչված «առանց ուժի կիրառման գաղտնի միջամտության» իրավունք։ Օրինագծի տեքստում կատարված փոփոխությունը միաժամանակ նախատեսում է գերատեսչությանը հնարավորություն ընձեռել ինքնուրույն սահմանափակելու համագործակցությունը դաշնակից երկրների ներքին հետախուզական ծառայությունների հետ, եթե այդ համագործակցությունը խաթարում է ԳԴՀ-ի կամ դրա կազմում ընդգրկված առանձին երկրամասերի առաջնահերթ շահերը։
Ըստ օրինագծի՝ երկու հատուկ ծառայությունների լիազորությունների ընդլայնում է նախատեսվում նաև կիբեռանվտանգության և տվյալների պահպանման ոլորտներում։ Հատուկ ծառայությունները համապատասխան լիազորություններ կստանան կիբեռհարձակումների տեխնիկական հետքերը և սպառնալիք ներկայացնող սուբյեկտների բուն տեղեկատվական համակարգերը հետևելու և գնահատելու հարցերում։ Բացի դրանից, եվրոպական այլ երկրների գործընկեր ծառայությունների գործելակերպին համապատասխան, կերկարացվի BND-ի ստացած տվյալների պահպանման ժամկետը։
