Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) մինչև այժմ չգիտեն Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը: Այս մասին ասվում է Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի տեխնիկական զեկույցում, որից մեջբերումներ է անում EFE գործակալությունը։
«Տեղեկության բացակայությունը և ռազմական նպատակով օգտագործվելու հավանականություն ունեցող նյութերը ստուգելու նպատակով օբյեկտներ մուտք գործելու հնարավորության մերժումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում», – ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ, EFE-ի տվյալներով, ԱԷՄԳ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին աննախադեպ իրավիճակ են ստեղծել, սակայն գերատեսչությունում «չափազանց կարևոր» են համարում, որ երկրում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները հնարավորինս շուտ վերսկսվեն։
