Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է ակնկալում France Télévisions-ի ղեկավարությունից՝ ուղիղ եթերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչած վիրավորանքների համար։ Դրա մասին հայտնում է Le Point-ը։
«Ելիսեյան պալատում դանդաղ, բայց հաստատուն կերպով աճում է դժգոհությունը France Télévisions-ի լրատվական ծառայության աշխատանքից։ Վերջերս տեղի ունեցած երկու միջադեպերը զայրացրել են Էմանուել Մակրոնին»,- ասվում է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 6-ին France 2-ի եթերում նախագահի հասցեին վիրավորական գրությամբ պաստառ են ցուցադրել, իսկ նոյեմբերի 7-ին France Info հեռուստաալիքի ուղիղ եթերում ութամյա երեխան մի քանի անգամ հայհոյել է Մակրոնին։
France Info-ի ղեկավարությունն ընդունել է սխալը, իսկ France Télévisions-ի ղեկավարի տեղակալը ներողություն է խնդրել նախագահի կնոջից՝ Բրիժիտ Մակրոնից։ Սակայն Ելիսեյան պալատում նման արձագանքը բավարար չեն համարել։ Կառավարությունում հայտարարել են, որ հեռարձակողի լրատվական ծառայության տնօրեն Ֆիլիպ Կորբեն պաշտոնապես ներողություն չի խնդրել։
Վերջերս նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիժիտը, պատվի և արժանապատվության պաշտպանության հայց են ներկայացրել ծայրահեղ աջ ակտիվիստ Քենդիս Օուենսի դեմ, որն իր փոդքասթներում երկրի առաջին տիկնոջը տղամարդ է անվանում։ Politico-ի տվյալներով՝ 409 էջից բաղկացած նոր հայցում իրավաբաններն ավելի մանրամասն են ներկայացրել Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին զրպարտիչ պնդումների տարածման դրդապատճառներն ու հանգամանքները։
