Քնի անկանոն ռեժիմը կապված է դեպրեսիայի, տագնապայնության և միայնության ավելի արտահայտված ախտանշանների հետ։ Այս եզրակացությանն են եկել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Գիտնականները վերլուծել են շուրջ 23 հազար մարդու տվյալներ, որոնք միջինը 154 օր կրել են քնին հետևող խելացի մատանիներ։ Հետազոտողները գնահատել են, թե մասնակիցները որքան կանոնավոր ժամերի են քնել ու արթնացել, ինչպես նաև այդ ցուցանիշները համադրել են հոգեկան վիճակի վերաբերյալ ամենամսյա հարցումների արդյունքների հետ։
Պարզվել է, որ որքան անկայուն է եղել քնի ռեժիմը, այնքան ավելի արտահայտված են եղել դեպրեսիայի և տագնապայնության ախտանշանները։ Դեպրեսիայի ախտանշաններ չունեցող մասնակիցների քնի կանոնավորության միջին ցուցանիշը կազմել է 84 միավոր՝ 100 հնարավորից, իսկ ծանր ախտանշաններ ունեցողների մոտ՝ 75 միավոր։ Քնի ոչ այնքան կանոնավոր ռեժիմ է նկատվել նաև միայնության ավելի ուժեղ զգացում ունեցող մասնակիցների մոտ։
Հետազոտողների խոսքով՝ քնելու և արթնանալու կայուն ժամերն օգնում են պահպանել ցիրկադային ռիթմերը՝ օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը։ Դրանց խախտումը կարող է ազդել հոգեկան առողջության վրա, ինչպես նաև խաթարել սնվելու, ֆիզիկական ակտիվության և լույսի ներքո գտնվելու սովորական ժամանակացույցը։
Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծել են, որ կապը կարող է երկկողմանի լինել․ քնի խանգարումները կարող են ուղեկցել արդեն առկա հոգեբանական խնդիրներին։ Պարզելու համար, թե արդյոք քնի ռեժիմի կարգավորումը կարող է բարելավել հոգեկան վիճակը, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։
