Նոյեմբերի 13-ի առավոտյան Մոսկվայի Չերտանովո թաղամասի Կիրովոգրադսկայա փողոցում պայթել է «Տոյոտա» մակնիշի ամենագնացը՝ ենթադրաբար մեքենայի տակ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Պայթյունից տուժել է մեքենայի ղեկին գտնվող սեփականատերը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղար, 72-ամյա լրագրող Սերգեյ Զավորոտնին, գրել է Shot-ը։
Վարորդը հասցրել էր անցնել մոտ 200 մետր, որից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Պայթյունի ալիքը Զավորոտնիին շպրտել է երթևեկելի մաս։ Ականատեսները փորձել են նրան առաջին օգնություն ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Նա կրծքավանդակի և մեջքի բեկորային վերքեր, ինչպես նաև ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել։
Սերգեյ Զավորոտնին ծնվել է 1954 թվականին Խաբարովսկում։ Բարձրագույն կրթությունը ստացել է 1970-ական թվականներին Կիևի պետական համալսարանում, որից հետո երկար ժամանակ ապրել և աշխատել է Ուկրաինայում։ Վիկտոր Յանուկովիչի նախագահության տարիներին (2010–2014) Զավորոտնին զբաղեցրել է վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Եվրամայդանից և 2014 թվականին Ուկրաինայում իշխանափոխությունից հետո նա Յանուկովիչի և Ազարովի մի շարք այլ նախկին աշխատակիցների հետ Ուկրաինայից մեկնել է Ռուսաստան, որտեղ շարունակել է հասարակական գործունեությունը՝ հակաարևմտյան և կրեմլամետ դիրքերից։
