ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի վրա տնտեսական ճնշումը՝ փորձելով փակել ապրանքների մատակարարման ոչ միայն ծովային, այլև ցամաքային ուղիները։ Պատժամիջոցների շրջանցումը բացահայտելու և կանխելու համար Վաշինգտոնը ստեղծել է Task Force Iron Gate հատուկ խումբը, որը կաշխատի ամերիկյան հետախուզական գերատեսչությունների և տարածաշրջանային գործընկերների հետ, գրում է բրիտանական The Telegraph-ը։

Հորմուզի նեղուցով նավարկության նկատմամբ ամերիկյան սահմանափակումների ներդրումից հետո Իրանն իր ներմուծման և արտահանման մի մասն ուղղել է դեպի ցամաքային սահմաններ։ Թուրքիայի և Պակիստանի հետ սահմաններին բեռնատարների հերթեր են գոյացել, իսկ Չինաստանից, ըստ հաղորդումների, գնալով ավելի հաճախ են ուղարկվում ասիական մայրցամաքը հատող բեռնատար գնացքներ։

Նոր խումբը, որի կազմում ընդգրկված է 20 մարդ, և որի կենտրոնակայանը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում է, պետք է բացահայտի Իրանի ցամաքային սահմաններով և Կասպից ծովով իրականացվող «ապօրինի» մատակարարումները։ Նրա ուշադրության կենտրոնում կլինեն սպառազինության ժամանակակից համակարգերը, երկակի նշանակության տեխնոլոգիաները, պատժամիջոցների տակ գտնվող նյութերը և ապօրինի ֆինանսական հոսքերը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ նախաձեռնությունը կամրապնդի ամերիկյան ծովային շրջափակման արդյունքները։ Ըստ նրա՝ Վաշինգտոնի նպատակն է սահմանափակել ահաբեկչությունը ֆինանսավորելու, զենքի արտադրության ձեռնարկությունները վերականգնելու և ռազմական պաշարները համալրելու Թեհրանի հնարավորությունները։

Պարբերականի տվյալներով՝ ցամաքային ուղիները փակելու գաղափարը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո։ Հուլիսին Թրամփն ու Նեթանյահուն դիտարկել են «ռազմական և ոչ ռազմական միջոցներով» Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու հնարավորությունը։

Ռազմական և դիվանագիտական աղբյուրները կարծում են, որ նոր խումբը, ամենայն հավանականությամբ, հետախուզական տվյալներ կփոխանակի տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների հետ՝ պատժամիջոցները շրջանցելու փորձերը բացահայտելու համար։ Փորձագետները չեն բացառում նաև տեղեկությունների փոխանցումը տեղական իրավապահ մարմիններին՝ արգելված բաղադրիչներն առգրավելու նպատակով։ Մասնագետների գնահատմամբ՝ առանձին դեպքերում կարող են կիրառվել ուժային մեթոդներ, այդ թվում՝ թիրախային հարվածներ կամ գաղտնի ցամաքային գործողություններ։

Սակայն ցամաքային շրջափակման արդյունավետությունը կախված կլինի Վաշինգտոնի հետ համագործակցելու հարևան երկրների պատրաստակամությունից։ Ուղիները փակելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի Իրաքի, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը։

Ընդ որում, այս պետություններից շատերը ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցները չեն և կարող են չցանկանալ սահմանափակել Իրանի հետ առևտուրը՝ ի վնաս սեփական տնտեսության։ Հատկապես բարդ հատվածներ են համարվում Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի սահմանները, որտեղ մաքսանենգությունը լայնորեն տարածված է։

ԱՄՆ-ում Պակիստանի նախկին դեսպան Հուսեյն Հաքքանին նշել է, որ Իսլամաբադը դժվար թե ցանկանա հրաժարվել երկիրը խոշոր առևտրային հանգույցի վերածելու երկարաժամկետ ծրագրերից։ Ըստ նրա՝ Իրանն ու Պակիստանը ցամաքային տրանսպորտային միջանցքների զարգացումը դիտարկում են որպես ռազմավարական նախագիծ, որի նշանակությունը կպահպանվի նաև ներկայիս հակամարտության ավարտից հետո։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Սպիտակ տանը կարծում են, որ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնմանն ուղղված ճնշման նախկին ռազմավարությունը կարող էր սպառած լինել իր հնարավորությունները։ Վաշինգտոնը դիտարկում է լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ստիպել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ չի բացառվում, որ ցամաքային շրջափակման մասին տեղեկությունը կարող է օգտագործվել նաև որպես ուշադրությունը շեղող հնարք։

Share.