Հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից մոտ մեկուկես կիլոմետր դեպի հյուսիս, հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել։

Ոստիկանությունը որոնում է կրակողին և զննում դեպքի մի քանի վայրեր։

Մայրաքաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Նիկոլ Դիները հայտնել է, որ կասկածյալը դեռ չի ձերբակալվել, իսկ կրակոցների բոլոր վայրերի ճշգրիտ տեղադրությունը դեռ պարզվում է։ Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չի հայտնել։

Իրավապահները բնակիչներին կոչ են արել խուսափել 15-րդ փողոցի տարածքից, մասնավորապես՝ թիվ 1500 շենքի շրջակայքի թաղամասից։ Այնտեղ են գտնվում VIDA ֆիթնես կենտրոնը, Սուրբ Ղուկասի եպիսկոպոսական եկեղեցին և բնակելի շենքեր, իսկ մոտակայքում՝ Whole Foods սուպերմարկետը։ Թաղամասի զգալի մասը շրջափակված է, հարակից փողոցներով երթևեկությունը՝ դադարեցված։

Միջադեպի պատճառով մոտակա դպրոցներում սահմանվել է մուտքի և ելքի արգելքի ռեժիմ։ Դեպքի վայր են ուղարկվել նաև Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկման դաշնային բյուրոյի (ATF) աշխատակիցներ, որոնք աջակցում են ոստիկանությանը։

Լոգան Սըրքլը Վաշինգտոնի կենտրոնից ոչ հեռու գտնվող թաղամաս է։ 2025 թվականի օգոստոսին այստեղ մի խումբ դեռահասներ հարձակվել էին Դոնալդ Թրամփի վարչակազմի Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախկին աշխատակցի և մի կնոջ վրա՝ փորձելով առևանգել նրանց ավտոմեքենան։

Հարձակումից մի քանի օր անց Թրամփը հրահանգել էր ուժեղացնել դաշնային վերահսկողությունը Վաշինգտոնի նկատմամբ և հանցավորության դեմ պայքարելու համար քաղաք էր ուղարկել Ազգային գվարդիայի հարյուրավոր զինծառայողների։ Նրանց ներկայությունը քաղաքում շարունակվում է մինչ օրս։

Share.