Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մեսսին CNN-ին հայտնել է, որ այս շաբաթ մտադիր է հասնել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի իմպիչմենտի հարցով Ներկայացուցիչների պալատում քվեարկության անցկացմանը։ Հեռուստաալիքի տվյալներով, Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ և կողմնակիցներ Պենտագոնի ղեկավարին են պատասխանատու համարում միջանկյալ ընտրություններում հանրապետականների պատմականորեն խոշոր պարտության համար։

Հանրապետական կուսակցության մի քանի աղբյուրներ ակնկալում են, որ իմպիչմենտի մասին բանաձևը կդրվի քվեարկության։

Նախօրեին Հեգսեթը սոցիալական ցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ դիմելով ամերիկացի զինծառայողներին և կոչ անելով ուշադրություն չդարձնել քաղաքական աղմուկին ու շարունակել կատարել առաջադրված խնդիրները։ Ըստ նրա, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է՛լ ավելի վճռական է տրամադրված՝ սկսածը ավարտին հասցնելու հարցում։

«Զինծառայողնե՛ր, մի՛ կասկածեք, անտեսե՛ք աղմուկը, երբեք մի՛ տատանվեք։ Այս ամենը քաղաքականություն է։ Իսկ դուք իրական գործով եք զբաղված, ուստի շարունակե՛ք ընթանալ ընտրված ուղով», — հայտարարել է Հեգսեթը ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքի մոտ ձայնագրված տեսանյութում։

«Եվ, ինչպես միշտ, նախագահ Թրամփը մեզ առաջ է տանում։ Վստահեցնում եմ ձեզ՝ մեր պայքարը դեռ նոր է սկսվում», — հավելել է նախարարը։

Այս ուղերձը հրապարակվել է մեկ այլ տեսանյութի հրապարակումից երկու օր անց, որում Հեգսեթն իր իրավիճակը համեմատել էր Թրամփին հայտարարված իմպիչմենտի հետ։

Ինքը՝ նախագահը, շարունակում է աջակցություն հայտնել Պենտագոնի ղեկավարին։ Այս շաբաթ Թրամփը լրագրողներին ասել է, որ Հեգսեթը հիանալի է կատարում իր աշխատանքը։

Մեսսին դեռ սեպտեմբերին էր հայտարարել պաշտպանության նախարարի իմպիչմենտի հարցով աննախադեպ քվեարկության հասնելու մտադրության մասին՝ Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի հետ կապված նրա գործողությունների պատճառով։

Կոնգրեսականի առաջարկած բանաձևը նախատեսում էր խորհրդարանական հատուկ ընթացակարգ, որը մեկնարկում էր ժամկետի հետհաշվարկը և Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության ղեկավարությանը պարտավորեցնում հարցը քննարկման դնել մի քանի օրվա ընթացքում։

Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը վաղաժամ ավարտել էր պալատի աշխատանքը՝ քվեարկությունը մինչև միջանկյալ ընտրությունները հետաձգելու համար։

Այժմ Մեսսին մտադիր է կրկին հասնել նախաձեռնության քննարկմանը։ Ընտրություններում հանրապետականների պարտության և Հեգսեթի հասցեին հնչող քննադատության ֆոնին պաշտպանության նախարարի իմպիչմենտի հարցը կարող է կուսակցության ներսում լարվածության նոր աղբյուր դառնալ։

Իր հերթին Bloomberg գործակալությունը գրում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսն աջակցել է Հեգսեթի հնարավոր իմպիչմենտին։

Share.