Մարկո Ռուբիոն հնարավոր է լքի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը՝ 2028 թվականի նախագահական ընտրարշավին նախապատրաստվելու համար, գրում է The Independent՝ հղում անելով ԱՄՆ Հանրապետական կուսակցության և բրիտանական կառավարության աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոն դիտարկվում է որպես 2028 թվականի ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու հիմնական հավակնորդներից մեկը։ Նրա հավանական մրցակից է համարվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ The Independent-ի աղբյուրները կարծում են, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո Ռուբիոն կարող է հեռանալ Դոնալդ Թրամփի վարչակազմից։
Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ Ռուբիոյին անհրաժեշտ է հեռու մնալ Իրանի դեմ պատերազմից և դրա հետևանքների պատասխանատվությունը դնել նախագահի վրա։ Վենսն արդեն հրապարակայնորեն հանրապետականների պարտությունը կապել է այդ պատերազմի հետ։
Միևնույն ժամանակ, ինքը՝ Ռուբիոն, ավելի վաղ հերքել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությունը՝ հայտարարելով, որ ամբողջությամբ կենտրոնացած է վարչակազմում իր աշխատանքի վրա։ Նա ասել էր նաև, որ չի մասնակցի ընտրապայքարին, եթե Վենսն առաջադրի իր թեկնածությունը։
Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոն վերջին ամիսներին Իրանին առնչվող հարցերում ավելի զուսպ դեր է խաղացել, իսկ վարչակազմի արտաքին քաղաքականության որոշ առանցքային ուղղություններում նրա ազդեցությունը սահմանափակ է եղել։
Սպիտակ տանը հերքում են պետքարտուղարի հեռանալու մասին լուրերը։
Վարչակազմի ներկայացուցիչ Դևիս Ինգլը The Independent-ի հրապարակումն անվանել է «դավադրության անհիմն տեսություններ» և հայտարարել, որ Թրամփի թիմը շարունակում է միասնական մնալ։
