Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի ավելացման և հանրային ծառայությունների ու կրթության վատ որակի դեմ կազմակերպված ցույցերի և համազգային գործադուլների պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Ուսանողները շրջափակել են Ֆրանսիայի տասնյակ ավագ դպրոցներ և համալսարաններ՝ կրթության բարեփոխումների վերաբերյալ կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով։ Հենց ավագ դպրոցների աշակերտների ցույցերն են սկզիբ դրել երկրում ավելի լայն շարժման

։Ցույցերի մեկնարկից առաջ որոշ վայրերում աղբամաններ են հրկիզվել։Ֆրանսիայի կրթության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 5-ին պետական ​​տարրական դպրոցների ուսուցիչների 17,5%-ը նախատեսում է գործադուլ անել։

«Մենք փորձում ենք հնարավորինս շատ մարդկանց ներգրավել պայքարի մեջ։ Ոմանք չեն միանում, քանի որ վախենում են։ Շատերը վախենում են ոստիկանների բռնությունից», – Reuters-ին ասել է Փարիզում սովորող 19-ամյա ուսանողուհի Իրմա դը Բանվիլը։

Ֆրանսիայի կառավարությունը պաշտպանել է ոստիկանության գործելաոճը՝ միաժամանակ նշելով, որ ցանկացած չարաշահում կհետաքննվի։

Associated Presss-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական արհմիությունները միավորում են ուժերը համազգային գործադուլների և ցույցերի համար՝ աշխատավարձերի բարձրացման և ավագ դպրոցների աշակերտների բողոքի շարժմանն աջակցության նպատակով։ Արհմիությունները հայտարարել են, որ ամբողջ երկրում տեղի կունենա մոտ 260 հանրահավաք:

Նրանք նախազգուշացրել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը և գործատուներին. «Զայրույթը հսկայական է։ Իրավիճակը երկրում փխրուն է։ Սոցիալական և բնապահպանական հրատապ մարտահրավերները պետք է լուծվեն առանց հապաղելու»։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ տեղակայվում է 70 000 ոստիկան՝ զրահամեքենաների, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների աջակցությամբ։

Ակնկալվում է, որ Փարիզից դուրս գործադուլներին կմիանա 500 000-700 000, իսկ մայրաքաղաքում՝ 40 000-80 000 մարդ։

Share.