ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վրա թափել իր դժգոհությունը երեկ տեղի ունեցած ամերիկյան միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից։ Այս մասին գրում է Politico եվրոպական պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թերթը ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները համարում է աղետ Թրամփի համար, հանրաքվե ընդդեմ նրա առաջնորդության և պատմական մասշտաբների պարտություն, որի արդյունքում դեմոկրատները հաղթեցին նույնիսկ այնպիսի նահանգներում, որտեղ նրանք չէին հաղթել տասնամյակներ շարունակ, օրինակ՝ Կանզասում։

Այս կապակցությամբ հրատարակությունը նշում է, որ Եվրոպայում պետք է զգուշությամբ արձագանքել ընտրությունների արդյունքներին, քանի որ Վաշինգտոնի վարչակազմը կարող է պատասխան գործողություններ նախապատրաստել և վրեժխնդիր լինել Հյուսիսատլանտյան դաշինքից ու ԵՄ-ից, ինչի հետևանքով Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը միայն կաճի։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավաստիացրել էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները զգալի ազդեցություն չեն ունենա ամերիկյան արտաքին քաղաքականության վրա, նույնիսկ եթե դրանցում հաղթանակ տանի Դեմոկրատական կուսակցությունը։

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին ամերիկացիներն ընտրում էին 100 սենատորներից 35-ին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ 36 նահանգներում անցկացվել են նաև նահանգապետերի ընտրություններ։ Ամերիկյան ԶԼՄ-ների վերջին գնահատականներով՝ դեմոկրատները ստանում են մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում էլ, որն իր աշխատանքը նոր կազմով կսկսի 2027 թվականի հունվարի 3-ից։ Այժմ Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը հանրապետականներինն է։

Share.