Նոյեմբերի 4-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ադիգեայի Հանրապետության վրա։ Տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովի խոսքով՝ Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։
Անձնակազմը տարհանվել է, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Խոցված անօդաչուների բեկորները վնասել են նաև մեկ առանձնատուն և գազատար խողովակ։
Ozon-ը հայտարարել է, որ պահեստի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է։ Այնտեղ պահվող ապրանքները ժամանակավորապես հանվելու են վաճառքից, իսկ մի շարք պատվերներ չեղարկվելու։
Լոգիստիկ կենտրոնը Ռուսաստանի հարավում ընկերության խոշորագույն պահեստներից է։ Դրա տարածքը 92 հազար քառակուսի մետր է, և այն նախատեսված է ավելի քան 10 միլիոն ապրանքի պահպանման համար։ Նույն օբյեկտը հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսի 24-ին, երբ այնտեղ նույնպես հրդեհ էր բռնկվել։
