Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում։ Չինական մի շարք խոշոր ընկերություններ հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել են ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ գովազդային պայմանագրերը միակողմանիորեն խզելու մասին։
Աղմուկի պատճառ է դարձել համացանցում տարածված հարցազրույցի մի հատված, որտեղ Մբապեին հարցրել են իր սիրելի համացանցային մեմի մասին։ Ֆուտբոլիստն առանձնացրել է այն հումորային պատկերը, որտեղ իր դեմքը ֆոտոշոփի միջոցով տեղադրված է «չինացի բռնապետի»՝ Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի դեմքի փոխարեն։ Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրպագուները կատակով «բռնապետ» են անվանում Մբապեին՝ ակնարկելով «Ռեալում» և Ֆրանսիայի հավաքականում կայացվող որոշումների վրա նրա ունեցած ենթադրյալ մեծ ազդեցությունը։
Ֆրանսիացի աստղի այս մեկնաբանությունը, սակայն, բուռն դժգոհություն և զայրույթ է առաջացրել չինական սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում, որտեղ ֆուտբոլիստի խոսքերը գնահատվել են որպես վիրավորանք։
Արձագանքը չի ուշացել նաև բիզնես հատվածից։ Առաջինը համագործակցության դադարեցման մասին հայտարարել է էներգետիկ և էլեկտրոլիտային ըմպելիքներ արտադրող Dongpeng Beverage ընկերությունը, որի հետ Մբապեն պայմանագիր էր կնքել այս տարվա ապրիլին.
«Մեր ընկերությունը վճռականորեն դեմ է ազգային զգացմունքները վիրավորող ցանկացած գործողության և դրանց նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն։ Այսօրվանից մենք դադարեցնում ենք ցանկացած համագործակցություն Կիլիան Մբապեի հետ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող չինական հսկան՝ Mengniu ընկերությունը, որի հետ ֆրանսիացին համագործակցում էր արդեն մի քանի տարի՝ խոշոր ֆուտբոլային մրցաշարերի գովազդային արշավների շրջանակում.
«Մենք վճռականորեն դեմ ենք չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորող ցանկացած խոսքի ու վարքագծի և ցուցաբերում ենք զրոյական հանդուրժողականություն»։
Ներկայումս չինական առցանց հարթակներից ու փողոցներից զանգվածաբար հեռացվում են ֆուտբոլիստի մասնակցությամբ բոլոր գովազդային նյութերը։ Ինքը՝ Մբապեն, միջադեպի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական պարզաբանմամբ կամ ներողությամբ հանդես չի եկել։
Աղբյուրը`ArmSport.am
