Իրանի պաշտոնյաները և Պակիստանի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի շրջանակում հանդիպում են անցկացրել Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալման Ալ Սաուդը, Պակիստանի բանակի հրամանատար ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպում են ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Փեզեշքիանը հայտարարել է, որ «վերջին տարիներին տարածաշրջանը ականատես է եղել Իսրայելի լայնածավալ հանցագործություններին։ Մահմեդական երկրների միասնական ճակատը կարող էր կանխել Իսրայելի ագրեսիայի շարունակությունը»։
Նա նաև նշել է, որ «Իսրայելը կարծում էր, թե ճնշումն ու ռազմական ագրեսիան կհանգեցնեն Իրանի փլուզմանը, սակայն դրա փոխարեն դրանք ամրապնդեցին ազգային միասնությունն ու համերաշխությունը»։
«Չնայած կորուստներին և դժվարություններին՝ իրանցիները հաստատակամ կանգնեցին իրենց երկրի պաշտպանության դիրքերում։ Այն համոզմունքը, թե Իրանին կարելի է ստիպել կապիտուլյացիայի ենթարկվել, սխալ է»,- ընդգծել է նա։
Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը աջակցում է ցանկացած փոխըմբռնման, որը տանում է իսլամական երկրների միասնությանը։
«Հենվելով ընդհանուր հնարավորությունների վրա՝ իսլամական պետությունները կարող են աշխարհին արդարության և զարգացման մոդել ցույց տալ» հայտարարել է Իրանի նախագահը։
Ինչպես հաղորդվում է, հանդիպումից առաջ իրանցի պաշտոնյաները Reuters գործակալությանը հայտնել էին, որ Թեհրանում անցկացված հանդիպմանը միջուկային հարցը չի քննարկվել, քանի որ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է կատարել իր պայմանները՝ նախքան միջուկային խնդրի շուրջ որևէ բանակցություն սկսելը։
Բանակցությունների կենտրոնում էին Իրանի դեմ պատերազմը, ԱՄՆ-ի կողմից ռազմածովային շրջափակումը և տարածաշրջանում լարվածության սրումը։
