Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր՝ երկրում ռազմական դրության և զորահավաքի ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
Այժմ փաստաթղթերը կուղարկվեն համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը, որից հետո դրանք պետք է դրվեն պատգամավորների ընդհանուր քվեարկությանը։
Ուկրաինայում ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները սկսելուց հետո։ Սա այդ ռեժիմների երկարաձգման արդեն 21-րդ դեպքը կլինի։
Ռազմական դրության և զորահավաքի ժամկետների պարբերական երկարաձգման պատճառով Ուկրաինայում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական, ո՛չ էլ տեղական ընտրություններ։
