Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը խոստացել է 2027 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում Ֆրանսիան դարձնել «խաղաղության ազգ»։ Այս մասին նա հայտարարել է Օռլեանում իր առաջին խոշոր նախընտրական ելույթի ժամանակ։

«Le Monde» թերթի փոխանցմամբ՝ Լը Պենը խոստացել է, որ Ֆրանսիայի «վերածնունդը» չի լինելու ո՛չ «դաժան բեկում», ո՛չ էլ «կործանարար հեղափոխություն»։ Քաղաքական գործչի խոսքով՝ իր նախընտրական ծրագիրը միտված է «դեպի գեղեցիկը բարձրանալուն» և արմատական ցնցումներ չի ենթադրում, թեև նա նախկինի պես շեշտը դնում է անվտանգության և միգրացիայի ոլորտներում խիստ միջոցառումների վրա։

Լը Պենը կարծում է, որ «հասարակական կարծիքի համար ճակատամարտն արդեն հաղթած է», և Ֆրանսիայում բոլորը «համաձայն են իրենց հետ»։ Նա նաև քաղաքավարությունն անվանել է երկրի վերածննդի իր ծրագրի հիմնասյուներից մեկը, «բարբարոսության» դեմ դեղամիջոց և հասարակության մեջ բռնությունը նվազեցնելու ամենահուսալի ճանապարհը։

Լը Պենի զինակից Ժորդան Բարդելան ընդգծել է, որ իշխանության գալու դեպքում կօգտագործի «բոլոր օրինական միջոցները՝ կարգուկանոնը վերականգնելու և ազնիվ մարդկանց պաշտպանելու համար»։ Լը Պենն իր հերթին վերահաստատել է հաղթանակի դեպքում նրան վարչապետ նշանակելու և «ազգային միասնության» կառավարություն ձևավորելու մտադրությունը։

Կուսակցության համագումարն անցել է անվտանգության խստացված պայմաններում. քաղաքում տեղակայվել է 3 հազար ոստիկան և ժանդարմ։ Դա թույլ է տվել զսպել բողոքի ակցիաները, որոնց ընթացքում հավաքվել էր 13-ից 26 հազար ցուցարար, սակայն մի քանի ակտիվիստների հաջողվել էր ներթափանցել դահլիճ և պարզել Բարդելային քննադատող պաստառ, ինչը քաշքշուկի էր հանգեցրել անվտանգության ծառայության հետ։

Share.