Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

Տարածքային փոխզիջումների հարցը կարող է դառնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջիկա եռակողմ բանակցությունների քննարկման առարկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս բոլոր հարցերն, այսպես թե այնպես, կարող են քննարկվել խաղաղ կարգավորման փորձերի շրջանակում։ Շատ լուրջ զրույց է սպասվում՝ բաղկացած հսկայական թվով մանրամասներից», – ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մենք չէինք ցանկանա այս մանրամասները հրապարակայնորեն քննարկել, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հետագա ընթացքին», – ընդգծել է Պեսկովը։

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցություններից հետո հայտարարվել էր ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները վերսկսելու՝ կողմերի պատրաստակամության մասին: Պեսկովը նշել էր, որ նման բանակցությունների անցկացման վայր է դիտարկվում Աբու Դաբին։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին:

Share.