Իտալիան հայտարարել է անվտանգության նոր միջոցառումների մասին, որոնք ուղղված են բռնություններով ուղեկցվող բողոքի ցույցերի դեմ պայքարին։ Նման ցույցերի հետևանքով վնասներ են հասցվել Միլանի կենտրոնական առևտրային թաղամասին, երբ հոկտեմբերի 17-18-ին անկարգությունների մասնակիցները՝ շատերն անչափահասներ, թալանել էին խանութները և հրկիզել գույքը։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Միլանում կտեղակայվի լրացուցիչ 500 զինծառայող, անչափահասների կողմից պատճառված վնասների համար կպարտավորվեն վճարել ծնողները, նաև կհեշտացվի 14 տարեկանից բարձր անչափահասների քրեական հետապնդումը։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ խռովություններին այդքան մեծ թվով երիտասարդների մասնակցությունը «ցավալի և վախեցնող» էր։
«Երիտասարդները հրապարակ էին եկել՝ իրեր ջարդելու, գողանալու և դա անելիս իրենց նկարահանելու համար։ Սա մի երևույթ է, որին մենք պետք է լրջորեն անդրադառնանք՝ նաև թույլ չտալու, որ այդ պատկերներն օրինակ դառնան ուրիշների համար», – ասել է Մելոնին։
Կառավարության որոշումը նաև սահմանում է նոր քրեական հանցակազմ՝ բռնություններով ուղեկցվող ցույցին մասնակցություն, որը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ և մինչև 20 000 եվրո տուգանքով։ Պատիժներն ավելի խիստ են դառնում, եթե իրավախախտները ծածկում են իրենց դեմքը, կամ որևէ մեկը վնասվածք է ստանում։
Մելոնիի խոսքով՝ ցուցարարները պատասխանատու կլինեն գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար, իսկ անչափահասների պատճառած վնասների համար պատասխանատվություն կկրեն նրանց ծնողները։
Կառավարության որոշումը, որը խորհրդարանը պետք է 60 օրվա ընթացքում օրենքի վերածի, նաև ինքնաբերաբար ենթադրում է, որ 14 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ի վիճակի է հասկանալ սեփական գործողությունները, եթե հակառակը չի ապացուցվել։ Նախկինում դա որոշելու իրավասությունը պատկանում էր դատավորին։
Մելոնին նաև հայտնել է, որ կառավարությունը կավելացնի կալանքի կենտրոններում տեղերը, ինչպես նաև դատավորների թիվն անչափահասների արդարադատության համակարգում։
Միլանում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգությունների և ցուցարարների ու իրավապահների միջև բախումների ընթացքում ավելի քան 100 ոստիկան է վիրավորվել։ Ձերբակալված 50 հոգուց 30-ն անչափահասներ են։
Իտալիայի ցույցը համընկել է Ֆրանսիայում անցկացվող զանգվածային ցույցերի հետ, որոնց ընթացքում ևս տեղի են ունեցել բռնություններ և բախումներ։
