Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի

Թեհրանը և Բաղդադը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկը։

«Կողմերը համաձայնության են եկել «իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին», – դիվանագետի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը։

Դեսպանի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել համատեղ անվտանգության կոմիտեի նիստում, որին մասնակցել են իրանական պատվիրակությունը և Իրաքի ազգային անվտանգության խորհրդականը:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Բաղդադում, որին մասնակցել է նաև Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության պատվիրակությունը։ 2023 թվականին Բաղդադը և Թեհրանը ստորագրել են անվտանգության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Իրանի կառավարությանը հակառակվող զինված քրդական խմբավորումների վտարումը սահմանամերձ տարածքներից և Իրաքի տարածքի՝ Իրանի դեմ զինված գործողությունների համար օգտագործման կանխարգելում։

Share.