Անկլավների և էքսկլավների խնդիրը միշտ էլ եղել է։ Այս մասին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր վերջին հայտարարությանը, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ հարց է՝ այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ոչ։ Այս պահին ևս պայմանավորվածություն չկա, բայց զգում եմ, որ կա փոխըմբռնում։ Եվ այո, խոսքը Քյարկիի, Բարխուդարլուի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի մասին է։ Գաղափարն այն է, որ սահմանազատման արդյունքում սահմանի երկու կողմերում էլ չլինեն անկլավներ և էքսկլավներ։ Սա տեխնիկական հարց է։ Գտնում եմ, որ Արծվաշեն գյուղը պետք է լինի Հայաստանի կազմում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ, ըստ առաջ քաշված գաղափարներից մեկի, Արծվաշեն գյուղը կարող է «տեղաշարժվել»։
«Արծվաշենը տեղաշարժվում, բերվում մոտեցվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով։ Այն մի փոքր ուղղում են ու մոտեցնում այնպիսի դիրքի, որի դեպքում դրա և Հայաստանի միջև չբացվի բաժանարար գոտի՝ օտար տարածքի տեսքով»,- պարզաբանեց Կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ նույն սկզբունքով հարցը լուծվելու է նաև հակառակ կողմում։
