Իրանական ուժերն ամեն գիշեր գործողություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում այն նավերի դեմ, որոնք խախտում են Թեհրանի սահմանած տարանցման կանոնները, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ալի Մոհամադին, հաղորդել է Fars գործակալությունը։
«Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերն ամեն գիշեր պատժվում են», – ասել է նա գործակալության հարցազրույցում։
Մոհամադին ընդգծել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը պատերազմի առաջին օրվանից իրականացնում են նեղուցի «լիակատար և համապարփակ» վերահսկողություն և մտադիր են շարունակել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։
Նա նաև հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ տվյալները, որոնք ներկայացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան լրատվամիջոցները՝ երեքից ութ միլիոն բարել միջակայքի գնահատականներն անվանելով «ոչ ճիշտ»։
Մոհամադիի խոսքով՝ այս թվերը «լրատվամիջոցների ենթադրությունների արդյունք» են, որոնք կոչված են նվազեցնելու նավթի գները և ազդելու շուկայի վրա։
Նա հավելել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կարող են ազդել այն առևտրային նավերի վրա, որոնց Թեհրանը համարում է խախտողներ, Հորմուզի նեղուցի «ցանկացած կետում», և ԱՄՆ-ին մեղադրել է Պարսից ծոցում և ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ։
