ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունաստան կատարած այցի ընթացքում կոչ է արել Արևմուտքին վերադառնալ իր քաղաքակրթական ակունքներին, չվարանել ազգային շահերը վեր դասել ամեն ինչից և թույլ չտալ անդրատլանտյան կապերի խզումը։
Մարկո Ռուբիոյի ելույթի հիմնական թեման Եվրոպայի «արթնացման» անհրաժեշտությունն էր։ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ արևմտյան երկրները հայտնվել են «շրջադարձային կետում», և որ առաջիկա տասնամյակում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն Արևմուտքի դիրքն ամբողջ հաջորդ դարի ընթացքում։
«Մեր ընտրած ուղին կորոշի՝ Արևմուտքը կպահպանի՞ իր առաջատար դիրքն աշխարհում, թե՞ կհաշտվի անկման, ստրկացման և հետընթացի ապագայի հետ։ Մենք կա՛մ հիմա կընտրենք գործել, կա՛մ կկորցնենք գործելու հնարավորությունն ընդհանրապես»,- հայտարարել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը երկրի ներքին և արտաքին քաղաքականության որոշիչ գործոն է համարում ազգային շահերը՝ իրեն վերապահելով դրանք պաշտպանելու, այդ թվում՝ ուժի կիրառման իրավունքը։ Նրա խոսքով՝ այս մոտեցումը հարազատ էր նաև հին հույներին։
ԱՄՆ պետքարտուղարը նկատել է, որ այսօր «նորաձև» է դարձել այն տեսակետը, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը ենթադրում է համաշխարհային հանրության շահերը սեփական ժողովրդի շահերից վեր դասելը։ «Այս հարցում ևս մենք սովորելու բան ունենք հին հույներից, քանի որ նրանք գիտեին՝ սեփական ազգին հավատարիմ լինելը եսասիրական կամ սխալ չէ, ինչպես որ սխալ չէ նրա շահերը պաշտպանելու համար պայքարը վեր դասել ամեն ինչից»,- շարունակել է իր միտքը Ռուբիոն։
«Մենք հավատում ենք, որ Եվրոպան կարող է արթնանալ երկարատև քնից և կրկին վառել այն կրակը, որը հազարամյակներ առաջ բոցավառվել է այստեղ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նման «արթնացման» նշաններն արդեն առկա են։
