Գիտնականները հայտնաբերել են երեխաների ուսման վրա արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ գիտելիքների լուրջ բաց. չնայած կրթության մեջ գեներատիվ ԱԲ-ի արագ տարածմանը՝ հետազոտողները դեռևս գրեթե չեն գիտակցում, թե դրա օգտագործումն ինչպես է ազդում կրտսեր դպրոցականների՝ քննադատաբար մտածելու և ինքնուրույն խնդիրներ լուծելու կարողության վրա։
Այդ եզրակացությանն է եկել Նորվեգիայից և Չեխիայից հետազոտողների խումբը, որը վերլուծել է կրթության մեջ գեներատիվ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ 173 գիտական աշխատանք։ Հետազոտության արդյունքները, news.am-ի փոխանցմամբ, հրապարակվել են Journal of Information Technology Education: Research ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են 2022 թվականից մինչև 2025 թվականի գարունը հրապարակված աշխատանքները՝ պարզելու համար, թե արդյոք ԱԲ-ն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունն ու խնդիրները ինքնուրույն լուծելու կարողությունը, թե, հակառակը, թուլացնում է այդ հմտությունները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ միանշանակ պատասխան չկա։ Նույն տեխնոլոգիան կարող է և՛ աջակցել մտածողությանը, և՛ դառնալ դրա փոխարինողը։
ԱԲ-ն օգնում է զարգացնել կարևոր հմտություններ, երբ աշակերտներն այն օգտագործում են հարցեր ձևակերպելու, տեղեկությունները ստուգելու, տարբեր տեսակետներ համեմատելու և ինքնուրույն փաստարկում կառուցելու համար։ Սակայն եթե չաթ-բոտը դառնում է պատրաստի պատասխանն արագ ստանալու միջոց, մեծանում է տեխնոլոգիայից չափազանց կախվածության, նյութի մակերեսային յուրացման և խնդիրների ինքնուրույն լուծման թուլացման վտանգը։
Միևնույն ժամանակ հետազոտողները պարզել են, որ առկա տվյալների մեծ մասն առհասարակ երեխաներին չի վերաբերում։ Վերլուծված հետազոտությունների 80%-ում մասնակիցները եղել են քոլեջների և համալսարանների ուսանողներ։ Այդ պատճառով շատ ավելի քիչ է հայտնի, թե ինչ է տեղի ունենում երեխաների և դեռահասների հետ, որոնք դեռ նոր են ձևավորում տեղեկատվությունը ընկալելու, գնահատելու և վերլուծելու կարողությունը։
Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի հետազոտող Հիլդե Ստոռրյոսետերի խոսքով՝ եթե արհեստական բանականությունը սկսում է կատարել մտավոր աշխատանքը դեռ մինչև այն պահը, երբ երեխան հասցրել է ձևավորել քննադատական մտածողության և խնդիրների լուծման սեփական հմտությունները, հետևանքները կարող են էապես տարբերվել այն հետևանքներից, որոնք դիտվում են մեծահասակների մոտ։
Կան նաև այլ բացեր։ Հետազոտությունների մեծ մասը հիմնվել է մասնակիցների ինքնազեկույցների վրա, այլ ոչ թե ժամանակի ընթացքում նրանց հմտությունների փոփոխությունների օբյեկտիվ հետևման։ Բացի այդ, գիտական աշխատանքներն աշխարհով մեկ բաշխված են անհավասարաչափ։ Հարավային, Հարավարևելյան և Արևելյան Ասիայի երկրների, առաջին հերթին՝ Չինաստանի, բաժին է ընկել 28 հետազոտություն։ Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում անցկացվել է իննական, ԱՄՆ-ում՝ 15։ Մինչդեռ Աֆրիկան, Հարավային Ամերիկան և Կենտրոնական Ասիան մնում են զգալիորեն ավելի քիչ ուսումնասիրված։
Ընդհանուր առմամբ դրական արդյունքները հանդիպել են ավելի հաճախ, քան բացասականները։ ԱԲ-ի ազդեցության վերաբերյալ քննադատական մտածողության վրա 139 հետազոտություններից 67-ը հաղորդել են միայն դրական ազդեցության մասին, 33-ը՝ միայն բացասականի, իսկ 39-ը հայտնաբերել են և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։
Նմանատիպ պատկեր է դիտվել նաև խնդիրներ լուծելու կարողության վերաբերյալ հետազոտություններում. 103 աշխատանքներից 57-ը հաղորդել են բացառապես ԱԲ-ի դրական ազդեցության մասին, 23-ը՝ բացասականի, ևս 23-ը՝ միաժամանակ դրականի և բացասականի։
Միևնույն ժամանակ երեխաներն ավելի ու ավելի ակտիվ են դիմում ԱԲ-ին տեղեկություն ստանալու համար։ Նորվեգիայի մեդիայի վարչության տվյալների համաձայն՝ Google որոնումն օգտագործող 9–18 տարեկանների բաժինը 2024 թվականի 72%-ից նվազել է մինչև 47% 2026-ին։ ԱԲ արդեն օգտագործում է 11–12 տարեկան նորվեգացի երեխաների 39%-ը։
Հետազոտողները կարծում են, որ այդ պատճառով դպրոցների առանցքային խնդիրը դառնում է ոչ թե պարզապես նոր գործիքների հետ աշխատելը սովորեցնելը, այլ ԱԲ-գրագիտության զարգացումը՝ հասկանալու կարողությունը, թե տեխնոլոգիան ինչպես է ազդում ուսուցման գործընթացի վրա, ստուգել նրանից ստացված տեղեկությունները և ինքնուրույն գնահատել արդյունքները։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ուսուցիչները պետք է ստեղծեն այնպիսի առաջադրանքներ, որոնցում արհեստական բանականությունն օգնում է երեխային մտածել, բայց նրա փոխարեն չի կատարում հիմնական մտավոր աշխատանքը։
