Էր Ռիադի, Իսլամաբադի և Անկարայի միջև կնքված պաշտպանական նոր դաշինքի գործարկման դեպքում Պակիստանը կարող է ներքաշվել եմենցի հութիների դեմ հակամարտության մեջ։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Սաուդյան Արաբիան դիմի փոխադարձ պաշտպանության մեխանիզմին։ Իսլամաբադի համար սա լուրջ ռազմական, տնտեսական և քաղաքական ռիսկեր է պարունակում, հայտնում է The Guardian-ը։

Դեռևս 2025 թվականի սեպտեմբերին Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրն օգոստոսին ընդլայնվել է Թուրքիայի հաշվին և վերանվանվել Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Ըստ պայմանավորվածության՝ երեք երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը պետք է դիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։

Իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը հանգեցրեց Սաուդյան Արաբիայի և եմենցի հութիների միջև հարաբերությունների սրմանը։ Սեպտեմբերի սկզբին ապստամբները Եմենում զգալի տարածքային հաջողությունների են հասել և հրթիռային ու անօդաչուների հարվածներ հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքին։ Ի պատասխան՝ Էր-Ռիյադն ուժեղացրել է ավիահարվածները Եմենի ուղղությամբ, և ի հայտ է եկել նոր լայնամասշտաբ հակամարտության վտանգ։

Այժմ մեծանում է նաև Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրի վրա գործադրվող ճնշումը, որն անձամբ է մասնակցել Սաուդյան Արաբիայի հետ նախնական համաձայնագրի մշակմանը։

«Չեմ կարծում, թե Ասիմ Մունիրը պատշաճ կերպով էր գնահատել տարածաշրջանի առջև ծառացած սպառնալիքները և այն հանգամանքը, որ Պակիստանը, հնարավոր է, ստիպված լինի այսքան շուտ վտանգի տակ դնել իր զորքերը», – «The Guardian»-ին ասել է պաշտպանության հարցերով վերլուծաբան, Լոնդոնի Թագավորական քոլեջի ավագ գիտաշխատող Աիշա Սիդիկան։

Վերլուծաբանների կարծիքով՝ եթե Սաուդյան Արաբիան որոշի հութիների դեմ գործի դնել համաձայնագիրը, Պակիստանը կարող է պարտավորված լինել ուղարկել իր զորքերը, այդ թվում՝ հազարավոր այն զինծառայողներին, որոնք առանց այն էլ թագավորությունում են գտնվում՝ սաուդյան ուժերին մարզելու նպատակով։

Ընդ որում, Պակիստանը տնտեսապես և աշխարհաքաղաքական առումով գրեթե ամբողջությամբ կախվածության մեջ է Սաուդյան Արաբիայից։ Վերջերս Էր-Ռիյադը մոտ 8 միլիարդ դոլարի ֆինանսավորում և ներդրումներ է տրամադրել Իսլամաբադին։

Պակիստանի իշխանությունները վերջին օրերին հրապարակավ վերահաստատել են համաձայնագրի նկատմամբ իրենց «անվերապահ» հավատարմությունը և հայտարարել Սաուդյան Արաբիային պաշտպանելու համար «ցանկացած քայլի» գնալու պատրաստակամության մասին։

Սակայն, ըստ պարբերականի, փակ դռների հետևում պակիստանցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ երկիրը կարող է ներքաշվել ձգձգվող պատերազմի մեջ։

Իսլամաբադի համար հատկապես ցավոտ հետևանք կարող է դառնալ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Պակիստանն աշխարհում շիա բնակչության թվով երկրորդն է՝ Իրանից հետո, և հութիներին հարվածելուն հնարավոր մասնակցությունը կարող է բողոքի ալիք բարձրացնել երկրի ներսում։ Բացի այդ, Թեհրանը հարաբերություններ է պահպանում աֆղանական թալիբների հետ, իսկ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին արդեն իսկ զինված բռնությունների լուրջ խնդիր կա։

Մեկ այլ ռիսկ էլ կապված է Բելուջիստանի՝ Իրանին սահմանակից անկայուն պակիստանյան նահանգի հետ, որտեղ երկարամյա զինված ապստամբությունը շարունակվում է։

«Երկրի համար աղետ կլինի, եթե Պակիստանը մտնի պատերազմի մեջ։ Մենք առանց այն էլ բախվում ենք երկու մահացու ապստամբությունների, մեր տնտեսությունը ծանր վիճակում է, իսկ գնաճը կտրուկ բարձրացել է», – հայտարարել է ընդդիմադիր սենատոր Ռաջա Նասիր Աբբասը։ Նրա խոսքով՝ հակամարտությունում Սաուդյան Արաբիային աջակցելը կարող է հանգեցնել «քաոսի, անկայունության և կրոնական պառակտման»։

Առայժմ հստակ չէ, թե կոնկրետ որ իրադարձությունը կդառնա այն «կարմիր գիծը», որից հետո համաձայնագիրը կկիրառվի։ Վերլուծաբանները կարծում են, որ Պակիստանը հույսը դնում է այն բանի վրա, որ Սաուդյան Արաբիան չի ցանկանա բացահայտ պատերազմ սկսել հութիների դեմ։ Թուրքիան նույնպես հայտարարել է, որ չի ցանկանում հակամարտության մեջ մտնել։

«Պակիստանն ամեն ինչ կանի Եմենում ցամաքային գործողության մեջ չներքաշվելու համար», – ասել է Իսլամաբադում տեղակայված Պակիստանի խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մուհամմադ Ամիր Ռանան։

Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը խոսել է անանուն մնալու պայմանով, կարծիք է հայտնել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանն առայժմ չի ձգտում գործի դնել համաձայնագիրը։ Ընդ որում, նա նշել է, որ սաուդյան ցամաքային զորքեր ուղարկելու դեպքում Պակիստանն աջակցություն կցուցաբերի նրանց։

«Ապագան կանխատեսել հնարավոր չէ», – հավելել է պաշտոնյան։

Share.