Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը 15 միլիոն դոլար կհատկացնի ժամանցային ոլորտի աշխատակիցներին արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հետ կապված փոփոխություններին նախապատրաստելու համար։ Այս մասին գրում է Politico պարբերականը։

Նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է AB 2504 օրենքը, որով նախատեսվում է մունիցիպալ քոլեջներում կրթական փորձնական ծրագիր մեկնարկել։

Ծրագիրը կստանա Future of Creative Industries Pilot Program (Ստեղծարար արդյունաբերության ապագայի փորձնական ծրագիր) անվանումը։ Դրա մշակմամբ կզբաղվի California Community Colleges-ի ղեկավար գրասենյակը՝ Հոլիվուդի գործատուների, արհմիությունների և տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Adobe-ի հետ համատեղ։

Այս օրենքը Կալիֆոռնիայի առաջին օրենսդրական նախաձեռնություններից է, որն անմիջականորեն միտված է ժամանցի ոլորտում ԱԲ-ի ներդրման հետևանքների կարգավորմանը։ Դրան զուգահեռ, նահանգի իշխանությունները խստացնում են արհեստական բանականության անվտանգության պահանջները։ Ուրբաթ օրը Նյուսոմը նաև հրամանագիր է ստորագրել, որով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել փորձագիտական խումբ. այն պետք է առաջարկություններ մշակի արհեստական բանականության համար այսպես կոչված «վթարային անջատիչներ» ստեղծելու վերաբերյալ։

AB 2504 օրենքի հեղինակ, Կալիֆոռնիայի վեհաժողովի պատգամավոր Ռեբեկա Բաուեր-Կահանը Politico-ի հետ զրույցում նշել է, որ պատմականորեն Հոլիվուդը բազմիցս է հարմարվել տեխնոլոգիական փոփոխություններին՝ համր կինոյի դարաշրջանից մինչև ժամանակակից թվային տեխնոլոգիաներ։

«Ժամանցային արդյունաբերությունը բաց է այն տեխնոլոգիաների առաջ, որոնք նպաստում են զարգացմանը, բայցև թույլ են տալիս պահպանել այն մարդկանց, որոնց շնորհիվ ոլորտը դառնում է յուրահատուկ, հիանալի ու բովանդակալից»,- ասել է նա։

Օրինագծի նախաձեռնողը WME գործակալության քաղաքական հարցերով ավագ խորհրդական Հաննա Լինկենհոկերն է։ Գործակալությունը, ինչպես նաև SAG-AFTRA արհմիությունը, պաշտոնապես աջակցել են այս նախաձեռնությանը։

Լինկենհոկերի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումն այլևս անհնար է կանգնեցնել, ուստի դրա կիրառման կանոնները պետք է հենց հիմա ձևավորել։ Նա շեշտել է, որ WME-ն կողմ է տեխնոլոգիան որպես գործիք օգտագործելուն, և ոչ թե ստեղծագործողների աշխատանքը դրանով փոխարինելուն։

«Մեր հաճախորդների մեծամասնությունն այն համոզմանն է, որ մարդկային աշխատանքը չպետք է փոխարինվի,- ասել է նա։ – Արհեստական բանականությունը պետք է գործիք լինի արվեստագետների համար, այլ ոչ թե հակառակը»։

Ըստ հեղինակների մտահղացման՝ ծրագրի մասնակիցները կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ փոփոխվող ստեղծարար ոլորտում աշխատելու համար։ Լինկենհոկերն այս օրենքը համարել է առաջին քայլը՝ ոլորտի ներկայացուցիչների, արհմիությունների, տեխնոլոգիական ընկերությունների և իշխանությունների միջև ավելի լայն կոալիցիա ստեղծելու ճանապարհին։

Հոլիվուդի համար, որը վերջին տարիներին բախվում է տնտեսական դժվարությունների և կինոարտադրության ծավալների կրճատման, օրենքի ընդունումը տոնելու առիթ դարձավ։ Լոս Անջելեսում տեղի ունեցած WME-ի միջոցառման ժամանակ Բաուեր-Կահանը գործակալությունից նվեր է ստացել հնաոճ գրենական պիտույքների հավաքածու և գրիչ։

Օրենսդրի խոսքով՝ այս նվերը հատկապես խորհրդանշական էր. չնայած նրան, որ ինքը Կալիֆոռնիայի օրենսդրությունում ԱԲ-ի շուրջ քննարկումների առանցքային դերակատարներից մեկն է դարձել, WME-ն նրան փաստացի նվիրել է մի բան, որն ավելի շատ հարմար է հին տեխնոլոգիաներ նախընտրող մարդուն։

Share.