ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները ծրագրում է 500-ական դոլար վճարել արտոնյալ բժշկական ապահովագրության ծրագրին մասնակցող շուրջ 1 միլիոն ամերիկացու։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է «Axios» պորտալը։
Խոսքը առևտրային ապահովագրություն չունեցող ԱՄՆ քաղաքացիների պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի մասին է, որն, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի անունով, ստացել է «Obamacare» անվանումը։ Թրամփի վարչակազմը գտնում է, որ վերջին տարիներին ապահովագրական հիմնադրամում ավելորդ միջոցներ են կուտակվել ծրագրի մասնակիցների կողմից կատարված հավելավճարների պատճառով։ Հավելյալ գումարներ են ձևավորվել նաև արտոնյալ ապահովագրական ծրագրի շրջանակում ծախսերի կրճատմանն ուղղված Թրամփի քաղաքականության արդյունքում։
Այս միջոցները փոխանցվել են պետական հաշիվներին, և այժմ Թրամփի վարչակազմը ծրագրում է դուրս գրել շուրջ 1 միլիոն չեկ՝ 500 դոլարի չափով փոխհատուցման համար։ Axios-ը նշում է, որ Թրամփը մտադիր է այս վճարումները ընտրողներին ներկայացնել որպես առողջապահության ոլորտում վարչակազմի հաջողություն և դրանով իսկ բարձրացնել ԱՄՆ Հանրապետական կուսակցության աջակցության մակարդակը։
Սեպտեմբերի 10-ին Թրամփը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որում խոստացել է չափահաս ամերիկացիներին վճարել 5-ական հազար դոլար այն դեպքում, եթե հանրապետականները պահպանեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ ունեցած վերահսկողությունը։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. դրանց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։ Հանրապետականներն այժմ վերահսկում են օրենսդիր մարմնի երկու պալատները։
