Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցն անցնի Իրանի վերահսկողության տակ և կշարունակի հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ԱՄՆ-ի գնահատմամբ, անմիջական սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ուժերի և միջազգային նավագնացության համար:

«Նախևառաջ ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ, ի վերջո, առանցքային ու գլխավոր հարցը հետևյալն է․ Իրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ: Եվ դա հաստատ տեղի չի ունենա, քանի դեռ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփն է», — ասել է Ռուբիոն Բրայան Քիլմիդի ռադիոհաղորդման եթերում:

Նրա խոսքով՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու հիմնական գործիքը շարունակում է մնալ տնտեսական ազդեցությունը։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է պետքարտուղարը, ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր շահերն ու ուժերը տարածաշրջանում:

«Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ապա Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու և դրա դիմաց նրա վճարած գինը բարձրացնելու մեր հիմնական գործիքը տնտեսությունն է: Բայց մենք միշտ մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանել ԱՄՆ շահերն ու տարածաշրջանում մեր ուժերը», — հայտարարել է Ռուբիոն:

Նա նաև մեղադրել է Իրանին նեղուցում նավերի վրա հարձակումները շարունակելու մեջ:

«Իրանը շարունակում է կրակ բացել նավագնացության վրա, շարունակում է հարձակվել նեղուցում գտնվող առևտրային նավերի վրա: Նրանք կորցնում են նեղուցի նկատմամբ վերահսկողությունը: Նրանք արդեն իսկ կորցրել են նեղուցի նկատմամբ վերահսկողությունը», — ասել է պետքարտուղարը:

Ռուբիոն պնդում է, որ Իրանը նախկինում մեծ թվով ծովային ականներ էր տեղադրել նեղուցում, սակայն ամերիկյան ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանք:

«Նրանք այնտեղ մեծ թվով ականներ էին տեղադրել: Մեզ հաջողվեց արդյունավետորեն ոչնչացնել այդ ականները, և այժմ նավարկելի ուղիներն ավելի են ընդլայնվել: Բայց նրանք շարունակում են կրակել տարբեր օբյեկտների ուղղությամբ», — նշել է նա:

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է այսուհետ ևս հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք, իրենց գնահատմամբ, անմիջական սպառնալիք են ստեղծում ամերիկացի զինծառայողների կամ միջազգային նավագնացության համար:

«Մենք կշարունակենք հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք Հորմուզի նեղուցում անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր ուժերի և համաշխարհային նավագնացության համար: Նեղուցը բաց կմնա և չի գտնվի Իրանի վերահսկողության տակ», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Share.